Տնտեսություն - Ընդամենը 25-30.000 դոլար է անհրաժեշտ՝ գյուտը կյանքի կոչելու համար. hայ ակնաբույժը նոր դեղամիջոց է բացահայտել

«Լուսածին» աչքի միկրովիրաբուժական կլինիկայի տնօրեն, ակնաբույժ, պրոֆեսոր Մանուկ Մանուկյանը հայտագործել է մի դեղամիջոց, որը 10 տարի փորձարկել է 216 ճագարի աչքերի վրա: Այդ դեղամիջոցն առաջին անգամ հնարավորություն է տալիս բուժել թթվային և հիմնային այրվածքները՝ վերականգնելով հյուսվածքը: Դեղամիջոցն ավելի արդյունավետ է, եթե վերքը թարմ է: Ըստ պրոֆեսորի՝ դեղամիջոցը՝ էթանոլամինը, շատ հիվանդություններ է բուժում:

«Աչքի համար հարմար գտա այս դեղամիջոցը՝ տեսնելով տեխնոգեն աղետները, քիմիական այրվածքները, լազերային ճառագայթներից վնասումը: 10 տարի քրտանաջան աշխատանք կատարեցի: 52.000 անգամ խոշորացված ցույց տվեցինք բջիջը, որը վերականգնում է այդ ամբողջ վնասված հյուսվածքը: Մեզ հաջողվեց բջջի գենետիկ կոդի վրա ազդել: Բոլորը զարմացել էին, բայց իմ գյուտն իր տեղը չգտավ: Մեզ հիմա ընդամենը 25-30.000 դոլար է անհրաժեշտ, որպեսզի նաև մարդկանց վրա փորձարկենք, որպեսզի արդյունքը ստանանք: Համոզված եմ՝ հետագայում ամեն մի զինվոր, թեկուզ՝ մեր հայ զինվորները, ովքեր գտնվում են Սիրիայում, որտեղ քիմիական զենքեր կան, գրպանում պետք է ունենա էթանոլամին, որ, երբ պայթյուն լինի, ճառագայթում, անմիջապես կաթեցնեն աչքի մեջ, ու յոթ օրից հետքն էլ չի մնա: Որպեսզի դեղամիջոցն արտադրվի, մեկ լիտրն արժե 5000 դրամ, այսինքն՝ 10 դոլար, ու, եթե 2 դոլարով էլ վաճառեն, ասենք, 1000 հատ՝ փոքրիկ սրվակով, կազմում է 2000 դոլար. ֆանտաստիկ եկամուտ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ակնաբույժը:

Նրա խոսքով՝ լազերային ճառագայթումով երբ այրում են աչքի հյուսվածքը, գոգավորություն են առաջացնում, և այդ հատվածը հաճախ չի լավանում, իսկ եթե էթանոլամին կաթեցնեին, լրիվ կվերականգնվեր:

Մանուկ Մանուկյանը ցավով նշում է, որ իր գյուտից սկսել են օգտվել հարևան երկրում՝ Իրանում, պարզապես անունն են փոխել:

«Չի կարելի, էլի: Ինձ 20 տարի նսեմացնում են: Գնում, գիտականորեն ապացուցում ես, ու ոչ մի արձագանք: Հոգնել եմ արդեն: Ով որ ներդրում կատարի՝ 6 ամսից իր փողը կստանա, շահույթի 50 տոկոսն էլ իրենն է»,- նշեց ակնաբույժը:

168.am-ի հարցին՝ գյուտը գնելու համար արտասահմանից ցանկություն երբևէ հայտնե՞լ են, ակնաբույժը պատասխանեց.

«Շվեյցարիայից արդեն համագործակցության առաջարկ էին անում, բայց մտանք ԵՏՄ, ու չցանկացան համագործակցել մեզ հետ»:

Մանուկ Մանուկյանն ասաց, որ նամակ է գրել նաև վարչապետին, բայց դեռևս արձագանք չի ստացել:

 



168.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ