Ազատ խոսք - Հայաստանի ամենափոքր վարսավիրը երազում է հարդարել Մեսսիի մազերը

Ինչո՞վ է այսօր զբաղվում 12 տարեկան տղա երեխան. սովորում է դպրոցում, հաճախում է այլևայլ խմբակներ՝ ֆուտբոլի, շախմատի, ռոբոտաշինության… Նաև համակարգչային խաղեր է սիրում, հանդիպում է ընկերների հետ, քննարկում մարզիկների կյանքին վերաբերող նորություններն ու իր սիրած թիմերի վերջին հաջողությունները, երաժշտություն է լսում… Այսպես է ամբողջ աշխարհում, և այստեղ երեխայի ազգությունը նշանակություն չունի, քանի որ մարդու ամեն տարիք իրեն բնորոշ նմանություններն ունի: Սակայն 12-ամյա Ալեքս Հայրապետյանի կյանքը մեծապես տարբերվում է իր հասակակիցների առօրյայից. Ալեքսն առավոտյան տասից մինչ երեկոյան 18-19.00-ն աշխատում է: Փառք Աստծո՝ նա աշխատում է ոչ կարիքից դրդված, այլ՝ զուտ իր հետաքրքրասիրությունը բավարարելու համար: Իսկ նա իսկապես հետաքրքրված է վարսավիրությամբ և մեկ ամսում արդեն իսկ հասել է նշանակալի հաջողությունների:

 

Արհեստը փոխանցվել է սերնդեսերունդ

 

Ալեքսի պապիկը, հայրիկը, հայրիկի հորեղբոր որդին վարսավիրներ են, սակայն ուշագրավն այն է, որ, թեև նա մանկուց տեսել է, թե ինչպես են աշխատում իր հարազատները, սակայն վարսավիրի մասնագիտությունն ընտրել է ոչ նրանց գործից ոգեշնչված, այլ՝ միանգամայն պատահաբար: «Դավիթը մի անգամ ուղիղ եթեր էր մտել, ես էլ միացած էի ՖԲ-ի նրա էջին, դիտեցի, հավանեցի և ցանկություն հայտնեցի աշակերտել նրան: Հայրիկս զանգահարեց Դավիթին, նա էլ համաձայնվեց, և արդեն մեկ ամիս է՝ ես աշխատում եմ այստեղ»,-իր մասնագիտության ընտրության և ուսուցչի՝ վարպետ Դավիթ Հարությունյանի մասին tesaket.info-ի հետ զրույցում պատմեց Ալեքսը: Նա նշեց, որ մայրիկը սկզբում դեմ էր այդ որոշմանը, քանի որ կարծում էր, որ դա կխանգարի իր ուսմանը, սակայն հետո տեղի տվեց, և ահա արդեն մեկ ամիս է, ինչ Ալեքսն աշակերտում է Դավիթին: Դավիթի խոսքով՝ Ալեքսն անգամ իրենից շուտ է ընկալում ամեն ինչ: «Ընդամենը երկու տարի է, ինչ ես անում եմ այս գործը, երբ ինձ եմ հիշում, թե ինչպես էի սովորում, հասկանում եմ, որ Ալեքսն ավելի շուտ է ամեն ինչ ըմբռնում»,-իր աշակերտի մասին գովեստով խոսեց Դավիթը՝ «Ջոկեր Բարբեր Շոփ» գեղեցկության սրահի երիտասարդ ղեկավարը, որի խոսքով՝ իրենց հարաբերություններն աշակերտի և ուսուցչի չեն: «Ես նրան պուճուր ախպոր պես եմ վերաբերվում»,-անկեղծացավ Դավիթը, որն այնքան է վստահում Ալեքսին, որ անգամ թույլ է տալիս կտրել իր մազերը:

 

Հայրիկը դեռ թերահավատ է

 

Ալեքսը, ճիշտ է, դեռ բավականին երկար ճանապարհ ունի անցնելու, որի ընթացքում բազմաթիվ նոր բաներ պիտի սովորի, սակայն արդեն այսօր, ինչպես վերը նշեցինք, Դավիթը նրան վստահում է իր սանրվածքը, իսկ ահա Ալեքսի հայրիկը՝ դեռ ոչ: Պապիկն ու ընկերներից մեկը ևս արդեն հասցրել են լինել Ալեքսի հաճախորդը: Ի դեպ՝ Ալեքսը նշեց, որ այս մեկ ամսվա մեջ, ինչ ինքն աշխատում է, պատահել է, երբ նույն մարդը մի քանի անգամ է իր մոտ եկել: Սա, անշուշտ, խոսում է փոքրիկ վարսավիրի՝ բացարձակ պրոֆեսիոնալիզմի ձգտման և քրտնաջան աշխատանքի մասին:

 

Պետք է տանջվել՝ ինչ-որ բանի հասնելու համար

 

Ալեքսն իր տարիքի համեմատ բավական խոհեմ և ուշիմ է. դժվար թե մեր ժամանակներում տարածված համընդհանուր չարիքի՝ օդից փող ակնկալելու սովորությունն ունեցող շատ ու շատ մեծահասակներ մտածեն այնպես, ինչպես 12 տարեկան երեխան: Մինչդեռ Ալեքսը վստահ է, որ ինչ-որ բանի հասնելու համար տանջվել է պետք: Աշխատասիրությամբ նա նման է իր վարպետին՝ Դավիթին, որը ևս կարևորում ու գնահատում է նրա այս հատկանիշը, նաև շնորհակալություն հայտնում տղայի ծնողներին, որ իրենց որդուն այս տարիքում արհեստ սովորելու են տվել: «Շատ ավելի լավ է այս տարիքում աշխատել, քան չգիտես ինչով զբաղվել, մանավանդ որ սա բավականին վտանգավոր հասակ է»,-Ալեքսի տարիքին բնորոշ խնդիրների մասին նշեց Դավիթը՝ անդրադառնալով այս հասակում արդեն իսկ վատ շրջապատ ընկնելու հավանականությանը:

 

Արտասովոր հետաքրքրություններով սովորական երեխան

 

Որքան էլ Ալեքսի առօրյան այլ լինի իր հասակակիցների անցկացրած օրվանից, միևնույն է, նա ևս իր տարիքի երեխաներին բնորոշ նախասիրություններ ունի: Ալեքսը սիրում է ֆուտբոլ խաղալ, երազում է հարդարել Մեսսիի մազերը, համաշխարհային ճանաչում ձեռք բերել, աշխատել հայտնի մարդկանց հետ… Այս ամենը, իհարկե, ողջունելի է, սակայն ամենակարևորն այն է, որ 12-ամյա երեխան արդեն այս տարիքից գիտակցում և կարևորում է թե՛ բանակի դերը, թե՛ ընտանիք կազմելը, որոնք ևս համարում է իր հետագա կյանքի առաջնահերությունները: Մեզ համար անչափ կարևոր և ուրախալի էր նաև այն, որ, ունենալով բազմաթիվ երազանքներ, ինչու չէ՝ սեփական ջանասիրության շնորհիվ նաև իրական հնարավորություններ՝ Ալեքսը շատերի պես չի ցանկանում բախտ որոնել օտար ափերում, միայն նշում է, որ արտասահման կմեկնի սովորելու, իսկ այնուհետև իր հետագա գործունեությունը պատկերացնում է միայն Հայաստանում: Իսկ թե որքանով է հետաքրքիր նրա գործունեությունը, դուք ինքներդ էլ կարող եք համոզվել՝ այցելելով Տիգրան Մեծ 33 հասցեում գտնվող «Ջոկեր Բարբեր Շոփ» գեղեցկության սրահը, որտեղ, վստահ ենք, հաճելիորեն կզարմանաք և, անշուշտ, գոհ կմնաք թե՛ Դավիթի, թե՛ Ալեքսի ջերմ ու սիրալիր վերաբերմունքից և պրոֆեսիոնալ աշխատանքից:

Հպարտանանք մեր փոքրիկ վարսավիրով. մեր երկրի ապագան Ալեքսն ու իր նման երեխաներն են:

 

«Տեսակետ» մամուլի ակումբ

Սեր սփռենք ամենուր...

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ