Հասարակություն - Ծովակալ Իսակովի արձանի գողացված խարիսխը կվերականգնվի

Համաշխարհային պատմության մեջ թերևս չկա այնպիսի դարաշրջան կամ այնպիսի վայր, որտեղ հայերը՝ լինեն հայրենիքում թե օտար ափերում, նշանակալի դերակատարում չունենան այս կամ այն իրադարձության մեջ կամ չլինեն առանցքային կերպարներ պատմական անցուդարձերի ժամանակ: Ահա այսպես էլ մենք այսօր չունենք, օրինակ, ծով, սակայն ունենք ծովակալներ…

Ի դեպ՝ այս տարի լրանում է Խորհրդային միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովի ծննդյան 125-ամյակը: Այս կարևոր իրադարձությունը չէր կարելի թողնել ստվերում, քանի որ ծովակալի կերպարը եղել և մնում է խորհրդանշական բոլորիս համա: Սակայն, չնայած դրան, չակերտավոր հայերի սև ձեռքը հասել է նաև Իսակովի արձանին՝ տարիներ առաջ որպես թանկարժեք մետաղ գողանալով արձանի մաս կազմող խարիսխը: Իսկ էլ ի՞նչ նավ՝ առանց խարիսխի: Եվ օրերից մի օր ինչ-որ մեկը որոշում է վերականգնել այն ու դիմում է Ռուսաստանում խոշոր ծովային ընկերության հայ ղեկավար Ալեքսանդր Էլարյանին: Իսկ ի՞նչ եղավ հետո…

 

Բարի՛ մարդ, արձագանքի՛ր

 

Tesaket.info-ի հետ զրույցում Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանն ասաց, որ երեք տարի առաջ ՌԴ-ից իրեն էր զանգահարել իր ընկեր Ալեքսանդր Էլարյանը, որն ասել էր, թե մի անծանոթ մարդ Հայաստանից դիմել է իրեն՝ Իսակովի արձանի գողացված խարիսխը վերականգնելու գործում աջակցություն ստանալու հարցով: Էլարյանը խնդրել էր Աղաջանյանին, որ վերջինս ի՛նքը զբաղվի այդ խնդրով, որովհետև, բնականաբար, տեղում հարցն ավելի հեշտ կլիներ լուծել, քան Ռուսաստանից ինչ-որ բան անել: Պարոն Աղաջանյանը համաձայնվել էր. Փոթիի նավահանգստից ձեռք էր բերել իսկական նավի խարիսխ և զանգահարել ընկերոջը՝ ճշտելու համար, թե ո՛վ էր աջակցություն խնդրող մարդը: Նրան գտնել, սակայն, այդպես էլ չհաջողվեց, թեև Գ. Աղաջանյանը բազմիցս դիմել էր տարբեր կառույցների՝ փորձելով գտնել այդ բարի մարդուն, որը նման ողջունելի ցանկություն էր հայտնել՝ վերականգնել խարիսխը:

 

Արդարության վերականգնում, կամ Կիլիկյան Հայաստանից մինչև Իսակովի ժամանակաշրջան

 

Այսպիսով՝ երեք տարի անց պարոն Աղաջանյանը որոշում է վերականգնել ոչ միայն գողացված խարիսխը, այլև՝ արդարությունը, ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Այաս» ծովային հետազոտությունների ղեկավար Կարեն Բալայանը: Նա tesaket.info-ին պատմեց, որ Իսակովի ծննդյան 125-ամյակի առթիվ օգոստոսի 25-ին իրենց կազմակերպությունը ՀԱՖ-ի հետ համատեղ իրականացնելու է մի յուրօրինակ միջոցառում, որի ընթացքում Սևանում «Կիլիկիա» նավից դուրս են բերելու խարիսխը, որը հանդիսավոր ավտոշքերթով հասցնելու են Իսակովի արձանի մոտ, որտեղ էլ այն դրվելու է՝ գողացված խարիսխի փոխարեն: Նոր խարիսխը պատրաստված է պողպատից և 350 կգ է: «Դե թող փորձեն գողանալ»,-կատակեց պարոն Աղաջանյանը: Իսկ պարոն Բալայանը նշեց. «Այսպիսով փորձում ենք մեր պատմության ծովային հատվածը կապել համեմատաբար ժամանակակից շրջանի հետ՝ կիլիկյան շրջանը՝ իսակովյանի հետ»: Մեր զրուցակիցները շեշտեցին, որ սպասվում է ինքնատիպ միջոցառում, որի արդյունքում, վերջապես, արձանը նորից խարիսխ կունենա, և կմնա վերականգնել որոր թռչնի քանդակը, որը ևս արձանի մաս էր կազմում և նույնպես գողացվել է՝ որպես թանկարժեք մետաղ:

 

«Տեսակետ» մամուլի ակումբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ