Մշակույթ - Եգիպտոսում մեկնարկել են Թութանհամոնի ոսկեզօծ սարկոֆագի՝ հայտնաբերվելուց ի վեր վերականգնման առաջին աշխատանքները

Եգիպտոսում մեկնարկել են ավելի քան 3300 տարի առաջ ապրած հայտնի Թութանհամոն փարավոնի ոսկեզօծ սարկոֆագի առաջին վերականգնման աշխատանքները, գրում է РИА Новости-ն՝ Եգիպտոսի հնությունների նախարարությանը հղումով:

Վերականգնումից հետո սարկոֆագը կցուցադրվի Գիզայի բուրգերի մոտ կառուցվող նոր Մեծ եգիպտական թանգարանի սրահներից մեկում:

«Փայտյա սարկոֆագը փարավոնի մյուս ոսկեզօծ սարկոֆագների հետ միասին կցուցադրվի նոր թանգարանի հատուկ սրահում, որը նվիրված կլինի Թութանհամոնի դամբարանից հանված գանձերին: Այդ կերպ բոլոր սարկոֆագներն առաջին անգամ մեկ տեղում կհավաքվեն և կցուցադրվեն հանրությանը»,- ասել է նոր թանգարանի հնագիտական բաժնի տնօրեն Թաբիբ Աբասը:

Նրա խոսքով՝ վերականգնման աշխատանքները մոտ 8 ամիս կտևեն: Սարկոֆագը բազմաթիվ վնասվածքներ ունի, որոնք մինչև աշխատանքների սկիզբն արձանագրվել են:

Երիտասարդ փարավոնի դամբարանը հայտնաբերվել է 1922թ.-ին՝ Հովարդ Քարթերի և նրա թիմի կողմից: Այս բացահայտումը եգիպտագիտության գլխավոր սենսացիաներից է եղել:


tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ