Ազատ խոսք - Հայը. Արծրուն Պեպանյան

«Հայը» շարքն այս անգամ հյուրընկալել է գրող, քաղաքական վերլուծաբան, «Վերելք» միության հիմնադիր Արծրուն Պեպանյանին: Մեր երեք հարցերին ի պատասխան (1. Ո՞վ է հայը, 2. Ինչպիսի՞ն է հայը, 3. Ի՞նչ առաքելություն ունի հայը)՝ պարոն Պեպանյանը նշեց հետևյալը.

Ա. Պեպանյան.-Ներկայացնում եմ «Վերելք» միության մոտեցումը՝ ընդունված 2007 թվականին:


1-2 հարցեր


Մենք Հայ ենք համարում բոլոր նրանց, ովքեր այդպիսին են ծագումով, անկախ կրոնական պատկանելիությունից: Մենք մտահոգված ենք այն հայերի համար, ովքեր վերջին դարերի ազդեցությունների արդյունքում կորցրել են հայ ազգի առաքելության ընկալումը և կաշկանդում են մեր նպատակի իրականացումը: Մենք ձգտում ենք վերարթնացնել Հայի կերպարը մեր հանրության մեջ.
– Հայը նա է, ով ունի Սրբազան տարածքի բնիկ զավակի և պահապանի գիտակցություն,
–Հայն անմնացորդ և գիտակցված նվիրվածություն ունի սեփական հավատքին,
– Հայը զգայուն և նախանձախնդիր վերաբերմունք ունի ճշմարտության, բարոյականության և արդարության նկատմամբ,
–Հայն անձնվեր պայքարի պատրաստակամություն ունի արտաքին հոգևոր և քաղաքական պարտադրանքների դեմ,
– Հայն ակնածալի վերաբերմունք ունի ավանդույթի, նախնիների և նրանց ժառանգության հանդեպ,
– Հայը կարևորում է հոգևոր, մշակութային և իմացական արժեքները,
–Հայի համար հոգևոր և բարոյական հեղինակություններն ունեն բարձր կարգավիճակ,
–Հայն ունի պատասխանատու և շահագրգիռ վերաբերմունք մատաղ սերնդի ապագայի նկատմամբ,
–Հայերն ապահովում են հասարակական բոլոր շերտերի ներկայացուցչական ներգրավվածություն երկրի և համայնքների կառավարման մեջ,
–Հայերն ունեն պետական, հասարակական և սոցիալական շերտերի միջև փոխհարաբերությունների արդյունավետ և արդարացի կարգ,
–Հայերն ունեն հավատքի, արդարության և ներքին պատասխանատվության վրա խարսխված իրավական համակարգ,
–Հայն ունի հարգալից վերաբերմունք չգրված օրենքների ու վարքականոնների հանդեպ,
–Հայն արդյունավետ համադրում է ընտանիքի սրբությունը, անհատական կամքի ազատությունը և ազգային առաջնահերթությունները` հանուն Ազգի հարատևման,
– Հայը սրբացնում է կյանքը հայրենիքին նվիրած հայորդիներին, հոգատարություն է դրսևորում նրանց ընտանիքների հանդեպ,
– Հայն ունի արիության, ազնվության, վեհանձնության, կարեկցանքի, աշխատասիրության, հավատարմության բարձր գնահատանք,
- Հայն ունի արժանապատվության և ամոթի զգացման խիստ չափանիշներ,
- Հայն ունի ընտանիքում տղամարդու և կնոջ հարաբերությունների ներդաշնակ մոդել,
– Հայն ունի բնության հետ ներդաշնակ կյանք,
– Հայն ունի համեստ կենցաղ,
–Հայն ունի հարգանք պետական կարգուկանոնի հանդեպ…

 

3 հարց


Մենք գտնում ենք, որ ավելի քան հազար տարվա օտար ազդեցություններից խեղաթյուրված հանրային ներկա գիտակցությունը փոխել հնարավոր է միայն ազգային վեհ գաղափարախոսության միջոցով: Իսկ այն հորինել պետք չէ, դա կարելի տեսնել` քննելով մեր իսկ պատմությունը: Մեր Ազգի գոյության շրջանի մեծ մասում մենք եղել ենք հզոր ու կազմակերպված: Մեր երկրի յուրահատուկ և Սրբազան լինելու շնորհիվ մեր նախնիներն առաջիններից էին, որ Արարչից ստացել էին համակարգված պատկերացումներ Տիեզերքի ու նրա օրենքների մասին: Նրանք դեռևս հազարավոր տարիներ առաջ ստեղծել էին ոգեղեն արժեքներով ապրող հանրություն: Պատմական մեր Հայրենիքում է տեղակայված եղել Աստվածաշնչյան դրախտը: Շումերական էպոսում մեր երկիրն անվանվում է աստվածային Օրենքների երկիր, Օվիդիոսը մեր ցեղի ուժը խորհրդանշել է վագրով: Ավելի ուշ շրջանի մասին անգլիացի պատմագիր Ֆինլեյնը գրել է` «Բյուզանդիայի մեջ հայ բառը հոմանիշ էր ազնվականության և քաջարիության»: Մենք արժանապատվորեն պաշտպանել ենք մեր երկիրը, ու նաև այլոց տրամադրել ենք երկիր կառավարելու արվեստ, մշակույթ, գիտություն, արհեստներ, հայտնագործություններ հողի, մետաղի մշակության և այլ ոլորտներում: Հայ եկեղեցական ճարտարապետությունը համարվում է մայրը Պոլսի Սուրբ Սոֆիայի, Քյոլնի հռչակավոր տաճարների: Եվրոպայի արվեստն Արևելքից և առաջին հերթին Հայաստանից է գալիս,–գտնում են եվրոպացի շատ գիտնականներ: Ապացուցված է, որ արշավանքների և զինական տեղաշարժերի արդյունքում հայերը դարձել են նախահայրերը մի շարք, այդ թվում` նաև ներկայիս, եվրոպական ժողովուրդների: Փաստորեն հայերն իրենց պատմության գերակշիռ հատվածում, որպես հանրություն, իրականացրել են Արարչի կողմից սահմանված Առաքելություն` մտավոր ու հոգևոր նվաճումների, քաղաքակրթության ու ոգեղեն արժեքային համակարգի տարածում մարդկության մեջ և այդ համակարգի պաշտպանություն: Այդ ամենը մեկ նպատակ է ունեցել` Արարչի կողմից սահմանված Արդարության հաստատում երկիր մոլորակի վրա: Վերջին դարերում, մի շարք բացասական ազդեցությունների արդյունքում, հայ Ազգը, որպես հանրություն, թերացավ իր Առաքելության կատարման հարցում, բայց, միևնույն է, նրա առանձին զավակներ, ցրված լինելով մոլորակով մեկ, շարունակեցին այդ Առաքելության իրականացումը: Եվ հիմա ճիշտ պահն է` վերադառնալու մեր բնական որակներին և կատարելու մոռացված պարտքը մարդկության առջև: Իսկ դա կարող է անել միայն կուռ, կազմակերպված Ազգը: Դրա համար անհրաժեշտ է կարգի բերել մեր պետության ներքին կյանքը և Սրբազան Երկրի այս հատվածում հաստատել ոգեղեն արժեքների վրա հիմնված կառավարման համակարգ: Միայն ա’յս դեպքում Արարիչը թիկունք կլինի մեզ, միայն այդժամ Նա կաջակցի մեզ` վերագտնել Ի՛ր իսկ կողմից մեզ տրված Ամբողջական Հայրենիքը, քանի որ Ամբողջական Հայրենիքի վրա իջնող Տիեզերական ողջ էներգիան ընդունելու դեպքում միայն մեր Ազգը հնարավորություն կունենա իրագործել իր առաքելությունը:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ