Տնտեսություն - Նիկո՛լ, քայլ արա, ջուր տուր. քաղցրաշենցիները բողոքի ակցիա իրականացրեցին՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ

15:55

Բողոքող քաղցրաշենցիներին մոտեցավ ոստիկաններից մեկը և առաջարկեց, որ քաղաքացիները ոստիկանություն հաղորդագրություն ներկայացնեն, որ իրենք ժամանակին բոլոր վճարումները կատարել են ու ոռոգման ջուր չեն ստացել, սակայն ակցիայի մասնակիցները հրաժարվեցին. Ըստ նրանց՝ դրանով հարցը կձգձգվի և իրենց խնդիրը չի լուծվի:

Ի վերջո, բողոքող քաղաքացիներին մոտեցավ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Ղուլյանը և ցուցարարներին ասաց, որ վճարումներ չեն անում, սակայն ցուցարարները պնդեցին, որ իրենք բոլոր վճարումներն արել են:

Ղուլյանը նշեց, որ նրանք միշտ էլ ջրով մատակարարվել են. մի պոմպը հիմնանորոգման մեջ է և 2020 թվականին երկրորդ պոմպի համար խողովակ կսարքեն 800 մետր, որպեսզի երկու պոմպերը զուգահեռ աշխատեն:

Ցուցարարները ջրային կմիտեի նախագահի տեղակալի հորդորին, որ եթե չարաշահումներ են եղել, պետք է հաղորդում տան, հակադարձեցին՝ իրենք «գործ տվող» չեն և եկել են իրենց խնդիրը լուծելու համար, ոչ թե կոռուպցիա բացահայտելու:

«Մենք եկել ենք ջրի համար, մեր ծառերը չորանում են»,- ասացին նրանք:

Քաղաքացիներից մեկն ասած, որ ինքը, օրինակ, պայմանագիր ունի կնքած, մյուսն էլ հարցրեց՝ ինքը եթե չունի, ուրեմն ջուր չպե՞տք է տան: Երբ բացասական պատասխան ստացավ, հարցրեց. «Բա ինչի՞ են փող վերցնում ինձնից»:

Լրագրողի հարցին՝ որ բնակիչների մի մասն ունեն պայմանագիր, մնացածը՝ ոչ, վերջիններս ջուր չե՞ն արել, Հարություն Ղուլյանն ասաց. « Ես գիտեմ, որ եթե պայմանագիր չունեն, ուրեմն չեն կարող ջուր ստանալ»:

Քաղաքացիներից մեկն էլ ասաց. «Ամեն ջրի օրը փող եմ տալիս ջրպետին, ջուր է տալիս ինձ, ինքն իրավունք ունի՞ առանց պայմանագրի տա»:

Ղուլյանն էլ հավելեց, որ ուրախ կլինեն, եթե իրենց օգնեն բացահայտել այդ անօրինականությունները: Ցուցարարներն էլ հավելեցին, որ իրենց չեն առաջարկել ստորագրել պայմանագիր, այլապես բոլորն էլ պատրաստ են դա ստորագրել:

Ապա Հարություն Ղուլյանն ասաց, որ պոմպը 170 լիտր ջուր է հանում, ինչը առաջացրեց քաղցրաշենցիների դժգոհությունը: Գյուղացիներն ասացին՝ եթե այդ ծավալի ջուր տրվեր իրենց, չէին գա բողոքի ակցիա անելու, այլ իրենց այգիները կջրեին, որ չչորանան:

«Գալիս եք, էկրանի մոտ ասում եք 160 լիտր ջուր է հանում»,- ասացին ցուցարարները, իսկ Ղուլյանն էլ իր հերթին ասաց, որ վստահ չլիներ, չէր ասի: Ցուցարարներն էլ արձագանքեցին՝ ուրեմն՝ պետք է պատասխանատվության ենթարկեն նման բան հայտարարող աշխատողին:

Մի մասն առաջարկում է գնալ Քաղցրաշեն համայնք և տեղում ճշտել հարցը՝ որքան ջուր է բաց թողնվում պոմպից:

13:53


Կառավարության մոտ քաղցրաշենցիները շարունակում են իրենց բողոքի ակցիան՝ պահանջելով ոռոգման ջուր:

Նրանք նշում են, որ Արտաշատում մի կարգին մարդ պետք է բերեն ղեկավար, որ հարց լուծի, ինչու՝ չգիտեն, որ Արտաշատում հեշտ հարց չի լուծվում:

Նրանց խոսքով՝ մինչև հունիսի տասը նորմալ է եղել, ոռոգման ջրի խնդիր չի եղել, քանի որ մարդիկ այն ժամանակ այգիները չէին ոռոգում: «Այդ ընթացքում դեղձի այգիները չեն ոռոգվում, ծիրանի այգիներն էին միայն ոռոգվում մայիսին, և ջուրը դրա համար բավարարում էր, բայց ծիրանի բերքահավաքից հետո խայտառակություն է, մարդիկ իրար ծեծում են ջրի համար»,- ասում են բողոքող քաղաքացիները:

Նրանք ասում են՝ իրենց բողոքի ձայնը լսող չկա: «Կառավարությունից պատասխանող չկա, մեզ չեն ընդունում: Առավոտ 5-ից իմ 14 տարեկան երեխու հետ ծառերս եմ սրսկել, հիմա եկել եմ այստեղ: Սա վիճա՞կ է: Ասում են՝ նամակ գրեք, 85 օրից կքննարկենք, 20 օրից կպատասխանենք: 20 օրից ոռոգման ժամանակը կանցնի, բերքը կփչանա»,- ասում են նրանք:

Ապա բնակիչները սկսեցին վանկարկել. «Նիկոլ, քայլ արա, ջուր տուր, խիղճ ունեցեք, տեսեք գյուղացիներն ինչի են եկել, գյուղացին է քաղաքացուն պահում»,- ասացին նրանք:

Նրանք նշեցին, որ բերքը վնասվել է չոռոգվելու պատճառով: «Բերք ստանալու ենք, բայց ապրանքային տեսք չի ունենալու, շուկայի համար պիտանի չէ, 50 դրամով մթերելու են, դեղձը պետք է ջրվի»,- ասացին նրանք:

Քաղցրաշենցիների խոսքով՝ ընդամենը պոմպակայանի հարց է, պետք է 100 լիտր ջուր հանելու փոխարեն 170 լիտր հանվի, և խնդիրը կլուծվի:

«Պոմպակայանները 70-ականների պոմպակայաններ են, էդ պոմպակայանի գլխին տանիք, դուռ ու լուսամուտ չկա, այս կառավարությունը, որ փող է հատկացնում պոմպակայանների համար, դրանք տեղ չեն հասնում, այդ պոմպակայանների խնդիրը պետք է լուծել»,- նշում են նրանք:

 

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ