Հասարակություն - «Սանիթեք». Ոչ մեկի հետ չենք խոսում շանտաժի լեզվով

«Սանիթեք» ընկերությունը երբևէ չի հրաժարվել վճարել որևէ ենթակապալառուի, մատակարարի կամ աշխատակցի: Նման հայտարարություն է տարածել «Սանիթեք» ընկերության տնօրինությունը։

«Ընկերությունը, ինչպես ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, ինքնուրույն է տնօրինում իր ֆինանսական ռեսուրսները և ընտրում դրանց ծախսման առաջնահերթությունները:

Այս պահին ընկերությունում առկա են ֆինանսական դժվարություններ, որոնք պայմանավորված են նաև քաղաքապետարանի կողմից կիրառվող չարդարացված ոչ համաչափ սանկցիաներով և չհիմնավորված տուգանքներով։

Անդրադառնալով քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետի կողմից հնչեցրած այն ձևակերպմանը, որ «աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել»՝ ընկերությունը տեղեկացնում է, որ երբևէ ոչ մեկի հետ շատաժի լեզվով չի խոսել և չի խոսում։ Ընկերությունը ենթակապալառուների նկատմամբ վճարային պարտավորություններն այս պահին հնարավորություն չունի կատարել բացառապես քաղաքապետարանի ոչ կառուցողական գործողությունների հետևանքով։

Իսկ ինչ վերաբերվում է քաղաքապետի կողմից հնչեցված հուզական մտքերին, ապա դրանք ավելի են դժվարացնում առանց այն էլ ստեղծված բարդ իրավիճակը և ընկերության բաժնետերերի կողմից նախաձեռնած կառուցողական երկխոսությունը տանում են փակուղի»,-ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ առաջիկա օրերին «Սանիթեք» ընկերությունը կհրավիրի աննախադեպ մաշտաբների մամուլի ասուլիս, որի ժամանակ կներկայացվեն բոլոր այն փաստերը, որոնք մինչ այս մնում էին ստվերում` բանակցային գործընթացի շահերից ելնելով:


panorama.am

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ