Տնտեսություն - ՀՆԱ-ի աճը որոշակի դանդաղում է, բայց դա խնդիր չենք համարում. Բաբկեն Թունյանը` առաջին եռամսյակում արձանագրված ՀՆԱ-ի ցուցանիշի մասին

ՀՆԱ-ի աճը որոշակի դանդաղում է, բայց դրա տոկոսը շատ բարձր ցուցանիշ է: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը` անդրադառնալով 2019 թվականի առաջին եռամսյակում արձանագրված ՀՆԱ-ի 7.1% աճին, այն դեպքում, որ անցած տարվա առաջին եռամսյակի ՀՆԱ-ի աճը եղել է 9,9%,:

«Դա ընդհանրապես խնդիր չենք համարում: Եթե վերցնենք նախորդի նախորդը, կստացվի՝ էական աճ կա, եթե համեմատենք վերջին երեք տարվա հետ, ապա ևս կստացվի՝ աճ կա»,- ասաց նա: Այսինքն՝ Բաբկեն Թունյանի ներկայացմամբ՝ աճ ամեն դեպքում կա, պարզապես աճի տեմպն է թուլացել, որովհետև անցած տարվա բազան շատ բարձր է եղել, իսկ դրա նախորդ տարվա բազան շատ ցածր է եղել:

Հարցին, թե կան ամեն դեպքում ոլորտներ, որոնք անհանգստացնող է համարում, նա արձագանքեց՝ թվարկելով գյուղատնտեսության, շինարարության ոլորտները՝ նշելով՝ պետք է ավելի ուշադրություն դարձնել դրանց, և պետք է ծառայությունների ոլորտն առողջանա: «Այսինքն` բուքմեյքերական ծառայությունների փոխարեն շեշտը դրվի այլ տիպի ծառայությունների վրա: Բայց դա միանգամից չի լինում, տնտեսությունն ինքն իրեն է գալիս դրան»,-ասաց նա:

Նա դժվարացավ կանխատեսումներ ներկայացնել հետագա ամիսների աճի տեմպի վերաբերյալ և նշեց, որ նույնիսկ միջազգային կառույցները իրենց կանխատեսումերով երբեմն սխալվում են, չնայած որ կարծում է` տարվա վերջին կունենանք նախատեսվածից ոչ ցածր աճ:

Ինչ վերաբերում է 2019թ. հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատությամբ սպառողական գների ինդեքսի ընդհանուր 2.5%-ով ավելանալուն, հանձնաժողովի նախագահը դա ևս նորմալ ցուցանիշ համարեց: «Թույլատրելի միջակայքի մեջ է գտնվում: Եթե 5,5 տոկոսից բարձր լիներ, կանհանգստանայինք, եթե 2,5 տոկոսից ցածր լիներ, կանհանգստանայինք: Մեզ մոտ թիրախային միջակայքը 4 տոկոս, պլյուս-մինուս 1,5 տոկոս է: Այսինքն՝ 2,5 տոկոսից մինչև 5 տոկոս գնաճը Հայաստանի տնտեսության համար նորմալ է գնահատվում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ.-ի հունիսին ՀՀ-ում սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) համապարփակ տվյալների փոփոխությունը՝ 2018թ.-ի համապատասխան ամսվա նկատմամբ, ըստ որի` 2019թ. հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատությամբ սպառողական գների ինդեքսը ընդհանուր ավելացել է 2.5%-ով։ Այսպիսով, սննդամթերքը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 4.8 %-ով, մասնավորապես հացի գնի և ձավարեղենի աճը կազմել է 4.5%, միսը՝ 3.1 %, կարտոֆիլինը՝ 74,8%, թռչնամսինը (հավ, հնդկահավ և այլ ընտանի թռչուններ) 13.7 %, ձուկ, ծովամթերքինը՝ -0.3 %, կաթնամթերք, պանիրինը և ձվինը՝ 26.9%։

Միևնույն ժամանակ ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 4.5%-ով։ Հագուստի, կոշիկի և տրիկոտաժե այլ պարագաների գները գրանցել են ընդամենը 1.7% աճ։

 տեռտ.ամ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ