Հասարակություն - Հայկ Սեխլիյանին կանչել են կառավարություն, սակայն ֆինանսական աջակցության մասին խոսք չի եղել

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանին անցած հինգշաբթի զանգահարել եւ հրավիրել են կառավարություն։

Հայկ Սեխլիյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ հաշվի առնելով իր հենաշարժողական խնդիրները՝ որոշվել է վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հետ հանդիպել մետրոյի՝ Հանրապետության հրապարակի կայարանին կից այգում։ Ապրիլյան պատերազմի մասնակիցը բժշկական փաստաթղթերի եւ մագնիսառեզոնանսային շերտագրության (ՄՌՇ) գերմաներեն թարգմանությունն է փոխանցել Մեսրոպ Առաքելյանին. «Տվել եմ իրենց, որ ուղարկեն Գերմանիա, այնտեղ բժիշկները նայեն, հասկանան՝ ինչ կարող են անել։ Այսօր զանգահարել են կառավարությունից եւ ասել, որ թղթերը հասել են, կքննարկեն, 1 շաբաթից պատասխանները կասեն»։


Հայկ Սեխլիյանի խոսքով՝ ֆինանսական աջակցություն չի խոստացվել, ասել են՝ օրենսդրական խոչընդոտներ կան։

Նա նշեց նաեւ, որ Մեսրոպ Առաքելյանի փոխանցմամբ բժշկական թղթերն ուղարկվել են Հայդենբերգի համալսարանական կլինիկա, ինչպես նաեւ Ֆրանկֆուրտի կլինիկա, այնտեղ բժիշկները կուսումնասիրեն եւ բուժման հնարավորության վերաբերյալ 1 շաբաթից պատասխան կտան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ապրիլյան պատերազմի մասնակից 33–ամյա Հայկ Սեխլիյանին շտապ բուժում է անհրաժեշտ։ Նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է, իսկ բուժումը կարող են իրականացնել միայն արտասահմանում։

«Դեռ անցած տարի, երբ բեկորը մեկ սանտիմետր հեռու էր ողնուղեղից, բժիշկները խուսափեցին միջամտություն անել եւ խորհուդ տվեցին գնալ Շվեյցարիա։ Իմ վիճակը գնալով վատանում է, եւ մեկ օր շուտ գնալն իմ օգտին է»,– պատմել է Հայկը։

Նրա խոսքվ՝ անգամ վիրավորումից հետո ինքն աշխատել է եւ տան վարձավճարն ու ընտանիքի կարիքները հոգացել։

Հայկի ընկերները նրա անունով հաշվեհամար են բացել, որպեսզի գումար հավաքվի եւ օր առաջ նրան տեղափոխեն արտասահման։

NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ