Հասարակություն - «Ասեցին՝ Արմենը ընկավ, մեր ավանցի Արմենը չկա». Արմեն Հովհաննիսյանն այսօր կդառնար 25 տարեկան

2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն հարձակումից զոհված 19-ամյա Արմեն Հովհաննիսյանն այսօր կդառնար 25 տարեկան: NEWS.am-ի հետ զրույցում Արմեն Հովհաննիսյանի ծառայակից ընկեր Շիրակ Խաչատրյանը մանրամասներ հիշեց այդ օրվա դեպքերից:

«2014 թվականի հունվարի 19-ին մարտական հերթապահություն էինք իրականացնում ԼՂՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան` Ջրաբերդ ուղղությամբ։ Ամեն ինչ հանգիստ էր, տարօրինակ լռություն էր տիրում սահմանի ողջ երկայնքով։ Արդեն ժամը 23 անց 45 էր լսվեցին հակառակորդի կրակոցներ՝ 1, 2, միանգամից վազեցի ներս, կապվեցի տղերքի հետ, ասացին դիվերսիոն հարձակում է, բարձր գոռացի, և մեր վաշտի հրամանատարը անմիջապես վազեց դիրքի ուղղությամբ, կրակոցները սկսեցին շատանալ, դիրքը կապի դուրս չէր գալիս, մոտ կես ժամ անց կապի դուրս գալով՝ասեցին Արմենը ընկավ, մեր ավանցի Արմենը չկա... Չէ, Արմենը կա ու միշտ մեր հետ ա »,-ասաց նա:


Շիրակի խոսքով` մինչեւ հիմա իր սրտում է Արմենի վերջին գրառումը. «Բոլոր դիրքապահները թագավոր տղերք են»:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Այդ պարգևին արժանացած զինվորների մեջ նա ամենաերիտասարդն էր:

Հունվարի 28-ին ՀՀ նախագահը Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, նույն զորամասի երկու զինծառայողների՝ Արիության մեդալով, ևս չորսին՝ Մարտական ծառայության մեդալով:

NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ