Հասարակություն - «27 տարի դուռը չփակես և սպասես քո բալին՝ դա մեծ ցավ է»

«Այս տարվա հունիսի 11-ին ՄԱԿ-ը մի որոշում է ընդունել, համաձայն որի՝ հնարավոր կլինի փոխանակել զոհվածների աճյունները, բայց քանի որ ունենք Ադրբեջանի նման հակառակորդ, դրա մասին դժվար է խոսել»,-«Տեսակետ» ակումբում հունիսի 29-ին՝ Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի նախագահ, Գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը: Նա նշեց, որ ՊՆ-ի կազմակերպմամբ ամսի 24-ից իրենք մեկնում են ուխտագնացությունների և նոր են վերադարձել Արցախից. «Այցելել ենք տղաներին»-շեշտեց տիկին Առաքելյանը և հավելեց, որ օրվան նվիրված միջոցառումները շարունակվելու են ընդհուպ մինչև հոկտեմբեր-նոյեմբեր, իսկ արդեն այդ ժամանակ նախատեսվում է նաև մեծ գիտաժողով: «Հուսով ենք, որ գիտաժողովի ժամանակ կորոշվի, թե ինչպես պիտի լուծենք աճյունների վերադարձի հարցը, մեր ՊՆ-ի, Կարմիր խաչի հետ պիտի հասնենք այս հարցի լուծմանը: Մենք մեր հույսը չենք կորցնում, որ ողջ մնացածներին կփոխանակեն, աճյուններն էլ կվերադարձնեն: 27 տարի դուռը չփակես և սպասես քո բալին՝ դա մեծ ցավ է»,-նշեց անհայտ կորած ազատամարտիկ Վրեժ Գրիգորյանի մայրիկը՝ Սամարա Գրիգորյանը: Ռ. Առաքելյանն էլ, դիմելով անհայտ կորած և զոհված ազատամարտիկների ծնողներին և հարազատներին, ասաց. «Մխիթարվենք այն բանով, որ մեր երեխաները գնացել են հանուն հայրենիքի. նրանք սրբացել են»:

Նշենք, որ վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 10.00 Եռաբլուրում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան: Ներկա կլինեն Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի անդամները, ազատամարտիկներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ