Հասարակություն - Պահածոն դարձել է հոգևոր արժեք. սննդաբան

«Ինչո՞վ է ամառային սննդակարգը տարբերվում ձմեռայինից. միայն այն բանով, որ ջերմաստիճանը շատ բարձր է, և ինֆեկցիաների բազմացումը շատ արագ է տեղի ունենում: Այս օրերին նաև շատ հեշտ է ջրազրկվելը, ուստի հատկապես խոցելի խմբի մարդկանց մոտ միշտ պիտի ջուր լինի: Իսկ խոցելի խմբում են առաջին հերթին երեխաները, ինչպես նաև ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցողներն ու հղիները»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը: Նա նշեց, որ ոչ միայն ամռանը, այլև առհասարակ՝ մարդը նախ և առաջ պիտի պահպանի անձնական հիգիենան, իսկ հատկապես ամռան շոգերին սանիտարահիգիենիկ կանոնները վերաբերում են ոչ միայն սննդին, այլև ջրին: Բժշկուհին մանավանդ խոցելի խմբի ներկայացուցիչներին խորհուրդ տվեց օգտագործել շշալցված ջուր կամ էլ եռացնել ջուրը, նոր խմել:

Հ. Աբովյանն անդրադարձավ նաև մթերքի պահածոյացմանը և նշեց. «Մեզ՝ հայերիս մոտ, պահածոն դարձել է հոգևոր արժեք, մինչդեռ տնային պահածոյացումը շատ մեծ վտանգ է ներկայացնում»: Նա նկատեց, որ հասկանում է, որ տանտիրուհիները սիրով են պատրաստում ամեն ինչ, հոգի են ներդնում այդ գործում, սակայն չեն գիտակցում դրա ահռելի վտանգները՝ թունավորման առումով: Խոսքը հատկապես բոտուլիզմի մասին է: Ըստ բժշկուհու՝ որքան էլ մաքրասեր լինի տանտիրուհին, միևնույն է, բոտուլիզմի սպորները մտնում և մնում են մթերքի անհարթ մակերևույթի մեջ՝ այդպիսով տվյալ պահածոն դարձնելով խիստ վտանգավոր: Էնդոկրինոլոգ-սննդաբանը խորհուրդ տվեց. «Սիրելով ընտանիքի անդամներին՝ պետք է հրաժարվել պահածոյացնելուց և պահածոն գնել խանութից»: Լրագրողները հետաքրքրվեցին, որ, միևնույն է, մարդիկ շարունակել և շարունակելու են պատրաստել պահածոներ, այդ դեպքում կա՞ն գոնե կանխարգելիչ միջոցներ՝ սննդային թունավորումներից խուսափելու համար: Բժշկուհին խորհուրդ տվեց նման դեպքերում պահածոն բացելուց հետո 20-25 րոպե եռացնել:    

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ