Հասարակություն - Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

«Արտաքին ուժերը՝ ԵՄ, ԵԽ, ԱՄՆ Պետդեպ, իրենց լուման են ունեցել Թավշյա հեղափոխության իրականացման մեջ, և հիմա մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին»,-«Տեսակետ» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ, խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի՝ ՀՀ կողմից հնարավոր վավերացման մասին, ինչպես նաև այն հարցի շուրջ, թե ինչու՛ են մեր իշխանությունները շահագրգռված վավերացնելու այն, նման կարծիք հայտնեց վերլուծաբան, հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Նա նշեց, որ մեծ վտանգ կա, որ Կոնվենցիան կվավերացվի, ուստի պետք է դրա դեմն առնել:

«Ստամբուլյան կոնվենցիան լրջագույն սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը»,-նշեց բանախոսը և հավելեց, որ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան՝ Ստամբուլյան կոնվենցիան, ՀՀ-ը ստորագրել է 2018 թ. հունվարի 18-ին, սակայն դեռ չի վավերացրել, իսկ իշխանության եկած նոր ուժը նպատակ է դրել վավերացնելու: «Ռուսաստանն, օրինակ, հրաժարվել է վավերացնել, Բուլղարիան, Սլովակիան, Լատվիան, Ռումինիան հրաժարվել են վավերացնել»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը և հիշեցրեց, որ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասել էր հետևյալը. «Առաջիկայում մենք շատ կարևոր անելիքներ ունենք: Մենք սկիզբ ենք դնում մի շարք նոր ծրագրերի, այդ թվում՝ Գենդերային ռազմավարության, Կառավարության հնգամյա ծրագրի, և այս համատեքստում հատկապես կարևոր է Ձեզ հետ համագործակցության հնարավոր ուղիների քննարկումը՝ հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ձեր կողմից իրականացված ծրագրերի փորձառությունը: Մեր օրակարգում են Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները, ինչը շատ ոգևորիչ է»:

Որպեսզի Ստամբուլյան կոնվենցիայի վտանգների մասին արտահայտությունները մերկապարանոց չհնչեն, պարոն Հովհաննիսյանը բերեց մի քանի օրինակ: Մասնավորապես, նա նշեց, որ Կոնվենցիան առաջին միջազգային պայմանագիրն է, որը սահմանում է սեռերը. «Դա նշանակում է, որ հիմա համարվում է, որ կանայք և տղամարդիկ ոչ միայն կենսաբանորեն են իգական կամ արական սեռի, այլև գոյություն ունի նաև սոցիալապես ձևավորված գենդերային տեսակ, որը կանանց և տղամարդկան համար սահմանում է որոշակի դերեր և վարք»: Պարոն Հովհաննիսյանը հիշեցրեց նաև, որ դեռևս 2013 թ. ՀՀ ԱԺ կողմից ընդունված և ՀՀ նախագահի կողմից ստորագրված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ գործող օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետում «գենդեր» և «գենդերային» եզրույթները սահմանվում են որպես տարբեր սեռերի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք. «Այսինքն՝ այս օրենքում «գենդերային» եզրույթը վերաբերում է կանանց և տղամարդկանց ձեռքբերովի վարքին, ինչը կարող է վերաբերել նաև միասեռականներին՝ տղամարդը կնոջ վարքով, և կինը՝ տղամարդու»:

Վերլուծաբանն անդրադարձավ նաև Կոնվենցիայում առկա «զուգընկեր» հասկացությանը՝ նշելով, որ ԵԽ անդամ պետությունների ընդունած օրենքներում զուգընկեր հասկացությունը վերաբերում է նաև միասեռական զույգերին: Ի թիվս բազմաթիվ վտանգնեւրի՝ նա շեշտեց ևս մեկը՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը պարտադրում է ընդունել խտրականության մասին օրենք: «Եթե, օրինակ, լգբտ-ներին տնօրենը չընդունի դպրոցում աշխատելու, նա կարող է ենթարկվել պատասխանատվության, իսկ խտրականության մասին օրենքի ընդունման դեպքում լգբտ-ներն իրավունք կունենան զբաղվելու այլասերության քարոզով՝ մտնելով ընդհուպ մինչև դպրոցներ ու մանկապարտեզներ»,-եզրափակեց բանախոսը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ