Հասարակություն - Ի վերջո որտե՞ղ կհանգրվանի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենան

Թե՛ նախորդ, թե՛ այսօրվա կառավարությունը բազմիցս նշել է, որ զբոսաշրջությունը համարում է երկրի տնտեսական զարգացման առաջնահերթություններից մեկը: Հայերս, բնականաբար, զբոսաշրջիկներին զարմացնելու և հիացնելու հազարավոր բաներ ունենք, մեր թանգարանները լի են այնպիսի նմուշներով, որոնք աշխարհի շատ երկրներ կերազեին ունենալ: Եթե ուրիշները թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաները գրավելու համար զբաղված են պատմություն «կերտելով» և առասպելներ հորինելով, քանի որ իրականում սեփական ոչինչ չունեն, ապա մենք բոլորովին դրա կարիքը չունենք, Աստված մեզ շռայլորեն պարգևել է այդ ամենը, սակայն, ցավալիորեն, շատ հաճախ ինքներս չենք գնահատում և արժևորում մեր ունեցածը: Եվ, այնուամենայնիվ, այդ դաշտում գոյություն ունի զբոսաշրջիկի համար մի հետաքրքիր բան, որ մեր ուշադրությունից դուրս է մնացել, թեև աշխարհում բազմաթիվ օրինակներ կան: Խոսքը դարձյալ հնությունների մասին է, սակայն այս անգամ՝ ոչ զուտ հայկական, այլ համաշխարհային նշանակության՝ մեքենաներ:

 

Գուցե ոմանց համար որպես նորություն հնչի այն, որ այսօր տարբեր երկրներ, այդ թվում՝ նույնիսկ Ադրբեջանը, ունեն ավտոմեքենաների թանգարաններ, սակայն դա աշխարհում վաղուց ընդունված կարգ է. հին՝ ռետրո, մեքենաները և հայտնի մարդկանց ժամանակին սպասարկած մեքենաները համարվում են մշակութային արժեք և իրենց պատվավոր տեղը զբաղեցնում համապատասխան թանգարաններում: Դրանք ոչ միայն պահվում են թանգարաններում, այլև զանազան միջոցառումների, երթերի ժամանակ ցուցադրության են դուրս բերվում՝ ի տես նման մեքենաներով հետաքրքրվող բազմաթիվ մարդկանց: Իսկ այդպիսի մարդիկ քիչ չեն, շատերն են հազարավոր կիլոմետրեր կտրում, որպեսզի հասնեն որևէ տեղ՝ իրենց հետաքրքրությունները բավարարելու համար: Իսկ ինչու՞ Հայաստանը չի կարող դառնալ նման վայր ինչպես տեղի ավտոսիրողների, այնպես էլ՝ զբոսաշրջիկների համար, հատկապես երբ ունի բոլոր հնարավորությունները, փորձն ու նախադրյալները, չէ՞ որ մեր երկրում էլ կան ինչպես հանրաճանաչ դեմքերի սպասարկած, այնպես էլ՝ բավականին հին ավտոմեքենաներ:

 

Հեռու չգնալու համար հիշենք վերջին աղմկահարույց դեպքերից մեկը, որն անմիջապես առնչվում է ավտոմեքենաներին: Բոլորս ենք հիշում, թե ինչպես ամիսներ առաջ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերվեց ավտոպարկ, որը ներառում էր նաև կոլեկցիոն ավտոմեքենաներ: Լրատվամիջոցները մեկ անգամ չէ, որ գրել են, թե այդ ավտոմեքենաների շարքում էր նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած մեքենան: Մեզ հետաքրքրեցին ինչպես այդ մեքենայի ոդիսականը, այնպես էլ՝ մյուս մեքենաների ճակատագիրը, ուստի անցկացրեցինք լրագրողական փոքրիկ հետաքննություն՝ պարզելու համար, թե այսօր որտե՛ղ են այդ մեքենաները, ովքե՛ր են տնօրինում, ու՛մ հսկողության տակ են և այլն:

 

Այս հարցերով դիմեցինք «Լև գրուպ» փաստաբանական գրասենյակի փաստաբան, Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանին: Վերջինս պատասխանեց հետևյալը. «Մանվել Գրիգորյանի ամառանոցում գտնվել է ԵԿՄ-ի պահեստը, որտեղ եղած ավտոմեքենաները, որոնք գրանցված են եղել ԵԿՄ-ի անունով, ընդունման-հանձնման ակտով փոխանցվել են ԵԿՄ-ի նոր ղեկավարությանը»: ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Ռուզաննա Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ռետրո մեքենաներ մեզ մոտ չկան, մյուս մեքենաները, որոնք պատկանում են ԵԿՄ-ին, մեզ մոտ կանգնած են և անհրաժեշտության դեպքում կօգտագործվեն»: Ի դեպ՝ «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանը, ըստ armtimes.com կայքի, նշեց, որ Մ. Գրիգորյանի մոտ հայտնաբերված ՈՒԱԶ մակնիշի մեքենաները հավանաբար կտրամադրվեն բանակին (https://www.armtimes.com/hy/article/159948): Tesaket.info-ն դիմեց նաև ՀՔԾ, որի լրատվական ծառայությունից մեզ պատասխանեցին, որ կոլեկցիոն ավտոմեքենաները Մ. Գրիգորյանի ամառանոցում են և կալանքի տակ են, իսկ ՈՒԱԶ-ները ԵԿՄ-ի մոտ են: Այլ տեղեկություններ, ցավոք, չտրամադրեցին:

 

Դեռ տարիներ առաջ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը մեր կայքին տված հարցազրույցում (http://tesaket.info/am/n/n1499167437) նշել էր, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանին ու ՀՀ որոշ վարչապետերի սպասարկած՝ 1982 թ. արտադրված Մերսեդեսն ի պահ տրվի ՀԱՖ-ին, Ֆեդերացիան պատրաստ է իր սեփական միջոցներով հիմնել թանգարան, ինչպես նաև հոգալ ավտոմեքենաների խնամքի ու ցուցադրության հարցերը: Մենք դարձյալ դիմեցինք պարոն Աղաջանյանին՝ պարզելու համար, թե արդյոք ՀԱՖ-ն այսօ՞ր էլ պատրաստ է թանգարան հիմնելուն և վերոնշյալ ծախսերը հոգալուն:

 

Գ. Աղաջանյանը պատասխանեց, որ իրենց առաջարկը ուժի մեջ է, հին ու պատմական մեքենաներն իրենց տրամադրելը չի նշանակում, թե դրանք կդառնան ՀԱՖ-ի սեփականությունը, այլ ավտոտնակներում տարիներով կանգնելու և փոշոտվելու փոխարեն պարզապես ի պահ կտրվեն իրենց և կցուցադրվեն թանգարանում՝ հասանելի դառնալով հանրությանը:

 

Հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած մեքենայի՝ իրենց ի պահ տրվելն արդյոք պարտադի՞ր պայման է թանգարանի ստեղծման համար, մեր զրուցակիցը նշեց, որ երբ իրենք հանդես են եկել նման խնդրանք-առաջարկով, այդ ժամանակ որոշվել էր առաջին նախագահին սպասարկած մեքենան աճուրդի հանել, և դա ուղղակի լավ առիթ էր՝ նման առաջարկով հանդես գալու համար: Բացի այդ, ըստ պարոն Աղաջանյանի, Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած մեքենան ունի մի շատ կարևոր առանձնահատկություն. ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Վրաստանի առաջին նախագահներին սպասարկած ավտոմեքենաները չեն պահպանվել, մինչդեռ Հայաստանի նախագահինը պահպանվել է և այդ առումով կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել ու իրենից արժեք ներկայացնել հին ու պատմական մեքենաներ սիրողների համար:

 

Ցանկացած բան, որը հետաքրքրում է մարդկանց, կարող է պահանջարկ ունենալ. այսպես է կարծում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը: Մեզ հետ զրույցում, խոսելով հին ու պատմական մեքենաների թանգարան ստեղծելու և դրանով նաև զբոսաշրջիկներին գրավելու մասին, նա, մասնավորապես, նշեց. «Դա հետաքրքիր բան է, միայն թե պիտի լավ կազմակերպվի, և այդ դեպքում հետաքրքիր կլինի թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաների համար»:

 

Գաղափարը կա, ավտոսիրողների քանակը՝ ինչպես ասում են՝ Աստված տվել, չի խնայել: Մնում է հուսալ, որ մի բարի օր tesaket.info-ն կանդրադառնա արդեն հիմնադրված թանգարանին և դեպի թանգարան շտապող զբոսաշրջիկների չդադարող հոսքին: Դե ինչ՝ ի գո՛րծ:

 

«Տեսակետ» մամուլի ակումբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ