Հասարակություն - Չենք սպասելու «Սանիթեք» ընկերությանը, որ իրենք բերեն աղբամաններ․ մենք ևս բերելու ենք աղբամաններ․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է շինարարական աղբի տեղափոխմանը։ Քաղաքապետ Մարությանը հանձնարարել է ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ տանել՝ քրոնիկ վայրերում և շինաղբ տեղափոխող մեքենաներին ուղղորդել Նուբարաշենի աղբավայր, որպեսզի քաղաքի տարբեր հատվածներ չվերածվեն շինարարական աղբակույտերի: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Պարզ է, եթե չեն տանում Նուբարաշեն, ուրեմն ինչ-որ տեղ թափում են: Հիմա շինարարության սեզոնը սկսվել է, մեծ քանակությամբ աշխատանքներ են կատարվում, և տարբեր վայրերում առաջանում են նոր շինաղբի կետեր: Կան շինարարական աղբով լցված տարածքներ, որոնք շուրջ 20 տարվա պատմություն ունեն: Մենք պետք է ձեռնամուխ լինենք այդ ամեն ինչը մաքրելու համար, բայց միևնույն ժամանակ պետք է թույլ չտանք, որ նորից կուտակումներ լինեն, և պետք է շատ կոշտ լինենք այս հարցում: Մենք չենք ասում ինչ-որ գումար վճարեք, պարզապես ասում ենք՝ շինարարական աղբը տեղափոխեք Նուբարաշենի աղբավայր»,- նշել է քաղաքապետը:

Մայրաքաղաքում աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ է շուրջ 8000 աղբաման: Այսօր մայրաքաղաքում շուրջ 5000 աղբաման կա: Քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է հետևողական աշատանքներ տանել աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովման ուղղությամբ՝ ընդգծելով, որ մայրաքաղաքում աղբահանության ներկայիս ոչ բարվոք վիճակը նաև աղբամանների քանակի հետ է կապված: Քաղաքապետը նաև հանձնարարել է մշտական աշխատանքներ տանել աղբամանների լվացման ուղղությամբ:

«Ուզում եմ տեղեկացնել, որ մենք չենք սպասելու «Սանիթեք» ընկերությանը, որ իրենք բերեն աղբամաններ: Մենք ևս բերելու ենք աղբամաններ, մենք ապահովելու ենք ծառայությունների մատուցման բարձր որակ: Չնայած նրան, որ սա ձեր պարտականությունն է»,-նշել է Հայկ Մարությանը:

2019թ. մայիսի 17-ի դրությամբ Երևանի բյուջեի սեփական եկամուտների աճողական կատարողականը կազմել է 93 %: Քաղաքապետին զեկուցվել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1 մլրդ 200 մլն դրամով՝ 15.4 %-ով ավելի եկամուտ է հավաքագրվել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ