Հասարակություն - Հնարավոր է արգելել ֆեյսբուքում վարկերի տրամադրման մասին գովազդները, եթե երկիրն ունի նման օրենսդրական կարգավորում. Թանդիլյան

Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

«Նախագծի անհրաժեշտությունն առաջացել է վերջին շրջանում խիստ ակտիվացած կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից ծավալվող գործունեության կապակցությամբ, ովքեր քաղաքացիներին առաջարկում են վարկային միջնորդության ծառայություններ՝ վարկ ստանալու օգնություն: Այս առաջարկներն ակտիվ գովազդվում են սոցցանցերում ու փողոցում: Պարզել ենք, որ այս անձինք որևէ առնչություն չունեն բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ, այլ ունենալով ընդամենը որոշակի ֆինանսական և իրավական գիտելիքներ՝ մարդկանց առաջարկում են բանկերից ստանալ ծառայություններ, որոնք քաղաքացիները նույնությամբ կարող են ստանալ առանց որևէ միջնորդի, քաղաքացիներից պահանջում են միջնորդավճարներ, որոնք հաճախ կազմում են վարկերի 25-30%-ը, ընդհուպ՝ 40 տոկոսը՝ արդյունքում քաղաքացիների համար էլ ավելի թանկացնելով առանց այդ էլ թանկ վարկերը»,- նշեց հիմնական զեկուցող Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով, այդ հարցն իրականում ոչ մի օրենքով չի կարգավորովում, չկան պատժամիջոցներ տվյալ արարքն արգելելու մասով:

Նախագծով առաջարկվում է լիցենզիա չունեցող վարկային միջնորդության ծառայություններ առաջարկողների գովազդն իրականացնելու համար նախատեսել տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, իսկ չորս տարվա ընթացքում կրկնելու համար՝ չորսհազարապատիկի չափով:

Ըստ Թանդիլյանի, հնարավորություն կա արգելելու ֆեյսբուքում նման գովազդները, եթե երկիրն ունի նման օրենսդրական կարգավորում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ