Հասարակություն - Կառավարությունը մերժեց թափառող շների զենքով ոչնչացնելն արգելող Տիգրան Ուրիխանյանի նախագիծը

Կառավարությունն այսօր՝ ապրիլի 11-ի իր նիստում բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր փոփոխություն կատարել «Կենդանական աշխարհի մասին» օրենքում:

Նախագիծը ներկայացրեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ նշելով, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է ՀՀ տարածքում կենդանական աշխարհի վայրի տեսակների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման պետական քաղաքականությունը, մինչդեռ Ուրիխանյանի ներկայացրած նախագծին կից հիմնավորման մեջ խոսքը «բնակավայրերում կենդանիների, մասնավորապես, թափառող շների ոչնչացման» դեպքերի մասին է:

Բացի այդ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և խոշտանգման, զանգվածային ոչնչացումների և այլ իրավախախտումների վերաբերյալ սահմանված են պատասխանատվության համապատասխան միջոցներ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։

Նշենք, որ Տիգրան Ուրիխանյանն առաջարկում էր օրենքում ամրագրել, որ թափառող կենդանիների ոչնչացումը չպետք է իրականացվեն դաժան, անմարդկային մեթոդներով, այդ թվում ոչնչացմամբ՝ զենքի կիրառումով:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ բնակավայրերում կենդանիների, մասնավորապես, թափառող շների ոչնչացման դեպքերը վերջին շրջանում տեղի են ունենում չափազանց դաժան, անմարդկային ձեւերով, հաճախակի անտանելի տեսարաններ առաջացնելով հասարակական վայրերում, շենքերի բակերում եւ այլ տարածքներում, որտեղ գտնվում են բազմաթիվ մարդիկ, այդ թվում մանկահասակ երեխաներ: Զենքով ոչնչացման բազմաթիվ դեպքեր են լինում, երբ կենդանին վիրավորվում ու դանդաղ տանջամահ լինելով է սատկում, ինչն արձանագրվել է մամուլով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ