Հասարակություն - Հոբելյանական տարում թումանյանական ոգով տոգորվեցին նաև ավտոարշավորդները

Այս տարին թումանյանական է, քանի որ լրանում է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակը, և ուրեմն՝ ողջ 2019-ը պիտի հագեցած լինի մեծն լոռեցու ոգով ու շնչով, ուստի զարմանալի չէ, որ անգամ ավտոարշավն է նվիրվում Թումանյանին, ինչպես եղավ ընդամենը օրեր առաջ: Մարտի 23-ը Հովհաննես Թումանյանի մահվան օրն է:

 

Հենց այդ օրն էլ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի «Հին և պատմական մեքենաների ակումբը» կազմակերպել էր հոբելյանական ավտոարշավ՝ նվիրված Թումանյանի 150-ամյակին: Նախաձեռնության հեղինակը Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանն է, իսկ ավելի քան 40 տարեկան ռետրո մեքենաների արշավի մասնակիցները ոչ միայն Ֆեդերացիայի անդամներն էին, այլև թումանյանասեր հասարակական գործիչներ՝ «Տեսակետ» մամուլի ակումբի նախագահ և tesaket.info լրատվական կայքի խմբագիր Հովհաննես Գրիգորյանը, ավտոարշավի աջակից «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտ. դոկտ., պրոֆ. Սերգո Երիցյանը և այլք:

 

Ավտոարշավը մեկնարկեց Երևանում, որտեղից մասնակիցները շարժվեցին Լոռու մարզ՝ Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի ծննդավայր: Ճանապարհին՝ դեռ Սպիտակում, նրանց միացան նաև ավտոարշավորդներ Գյումրիից: Դսեղում մասնակիցներն այցելեցին Հ. Թումանյանի տուն-թանգարան, ապա շարժվեցին դեպի Թիֆլիս: Ինչպես նշեց Գ. Աղաջանյանը՝ ավտոարշավը նման էր իսկական տոնական միջոցառման, և իսկապես՝ ամենուր, որտեղով անցնում էին Թումանյանի նկարներով զարդարված մեքենաները, զգացվում էին տեղի բնակչության ջերմ ու բարի վերաբերմունքն ու խանդավառությունը նախաձեռնության նկատմամբ: Այսպիսով՝ ավտոարշավորդները տոնական տրամադրությամբ հասան Թիֆլիս, որտեղ նրանց ողջունեցին Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի ազգային ժողովի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանն ու Դավիթ Ճիճինաձեն և «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրդը:

Հաջորդ առավոտյան ավտոարշավորդներն այցելեցին Խոջիվանքի պանթեոն՝ ոգեկոչելու Ամենայն հայոց բանաստեղծի անմար հիշատակը, այնուհետև մասնակցեցին Թումանյանի հիշատակին նվիրված պատարագին Սուրբ Էջմիածին եկեղեցում և այցելեցին Թումանյանի այն բնակարանը, որտեղ նա ապրել է ավելի քան տասը տարի: Այս ամենից հետո ավտոարշավի մասնակիցները վերադարձան Երևան: Ուրախալի է, որ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը վստահեցրեց, թե չեն մոռանա նաև Կոմիտասին, քանի որ 2019-ը նրա համար նույնպես հոբելյանական է, իսկ մեծերի ոգեկոչման նման միջոցառումները կլինեն շարունակական:

 

Ամալյա Հովհաննիսյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ