Մամուլ - «Շնորհակալություն, մենք խորհրդի կարիք չունենք». Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Մամեդյարովին․

Հայաստանի ազգային շահը երկրի զարգացումն է, բարեփոխումների իրականացումը և Արցախի անվտանգության ապահովումը։ Այդ տեսանկյունից Երևանը խորհրդի կարիք չունի։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի` վերջերս կատարած հայտարարությունը։

Մամեդյարովը Interfax.az պարբերականին տված հարցազրույցում, մասնավորապես, նշել էր, որ տնտեսական հեղափոխության համար Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

«Մենք նման խորհուրդների կարիքը չունենք, մեր օրակարգում գլխավոր տեղ են զբաղեցնում Հայաստանի զարգացումը, բարեփոխումները և Արցախի անվտանգության ապահովումը», – ասել է Նաղդալյանը։

Նա նշել է, որ ինչ վերաբերում է հայերի ներուժին, ապա աշխարհն արդեն տեսել է` ինչպիսի ներուժ ունի հայ ժողովուրդը։

«Հայ ժողովուրդը կարող է իրականացնել կառավարության, պետության կողմից իր առջև դրված բոլոր առաջադրանքները», – ասել է Նաղդալյանը։

Նաղդալյանը ընդգծել է, որ հակամարտության լուծումը, ժողովրդավարության հաստատումը կարևոր է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում` Ադրբեջանի տնտեսական զարգացման համար։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ