Հասարակություն - Երեւանի կենդանաբանական այգին կաջակցի թափառող շների ստերջացման աշխատանքներին

Երեւանի կենդանաբանական այգին մարտի 13-ից  կաջակցի Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ ստեղծված «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ին:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի կենդանաբանական այգուց, կնքված հուշագրի համաձայն՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Այգու մասնագետները կօգնեն ՀՈԱԿ-ի աշխատակիցներին մայրաքաղաքում թափառող շների ստերջացման գործում:

Այգու մասնագետների ներգրավումը կնպաստի նաեւ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ի աշխատանքները մասնագիտական ճիշտ հենքի վրա կազմակերպելուն:

 

Կառույցի աշխատանքները սկզբնական շրջանում կկազմակերպվեն Երեւանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկայում, որն իր հագեցվածությամբ եւ կահավորանքով ավելի քան բավարար է գործընթացը պրոֆեսիոնալ կազմակերպելու եւ իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ ըստ հրապարակված տվյալների Երեւանի քաղաքապետարանը թափառող կենդանիների վերաբերյալ միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ մայրաքաղաքում այսօր թափառող կենդանիների թիվը հասել է 15-20 հազարի: Ստեղծվել է սուր իրավիճակ. ավելացել է անտուն շների քանակը, տեսակն էլ դարձել է ավելի ագրեսիվ:

Այս տարի նախատեսվում է թափառող 6000 էգ շներից ստերջացնել 4500-ը, այսինքն` շուրջ 75 տոկոսը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ