Պաշտոնական - Անգնահատելի է ձեր դերն ազգային, պետական ու հասարակական կյանքում․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորանքը

Կանանց տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու սրտագին շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց՝ մարտի 8-ի տոնական առիթով:

Գարնան այս բերկրաշատ տոնին բոլորիս սրտերը համակվում են ուրախությամբ և ջերմ զգացումներով՝ դեպի մեր մայրերն և քույրերը: Անգնահատելի է ձեր դերն ու ավանդը, սիրելինե՜ր, ազգային, պետական ու հասարակական մեր կյանքում, և անփոխարինելի ձեր առաքելությունը՝ ընտանեկան հարկից ներս ու սերունդների դաստիարակության գործում:

Մեծարումի, գնահատանքի այս տոնական օրը Հայրապետիս մաղթանքն է, որ Ամենախնամ Տերը Իր օրհնության ու շնորհների ներքո պահպանի ձեզ և զորակից լինի ձեր առաքինի գործերին, որպեսզի բարի ընթացքով շարունակեք լուսավորել մեր ժողովրդի կյանքը, ուրախություն պարգևեք ձեր ընտանիքներին՝ ջերմությամբ, հոգատարությամբ և սիրո կատարյալ նվիրումով:

Աղոթում ենք, որպեսզի Բարձրյալն Աստված Իր Ամենազոր Սուրբ Աջով միշտ հովանի լինի ձեզ և ձեր ընտանյաց անդամներին՝ պարգևելով խաղաղ կյանքի բարօր ու երջանիկ օրեր:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. Ամէն»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ