Հասարակություն - Արցախին կնվիրաբերվեն շտապ օգնության 10 նոր մեքենաներ

Առաջիկայում Հայաստանը Արցախին կտրամադրի շտապ օգնության նոր և
արդիականացված 10 մեքենաներ: Կլինեն նաև աջակցության այլ ծրագրեր: Այս հարցը քննարկվել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի եւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանդիպման ժամանակ:

Պետական նախարարը բարձր է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության և
Արցախի գործընկեր կառույցի հետ փոխգործակցության առկա մակարդակը՝
կարևորելով այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետևողական
շարունակականությունը: Այս համատեքստում Գ․ Մարտիրոսյանը հատկապես ընդգծել
է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման, ինչպես նաև ընթացիկ
տարվանից բժշկական ապահովագրության փորձնական կիրառման ծրագրերը։

«Հատկապես բժշկական ապահովագրությունը համարում ենք առաջնային և պահանջված: Կարծում
ենք՝ այն պետք է դառնա սոցիալական ինստիտուտ, քանի որ կառավարության վարած
քաղաքականության տրամաբանության ծիրում մենք առողջապահական հարցերը
դիտարկում ենք այդ շրջանակում», - ասել է Գ. Մարտիրոսյանը:

ՀՀ առողջապահության նախարարը ևս գոհունակություն է հայտնել Արցախի առողջապահության համակարգի հետ համագործակցության դինամիկայից՝ նշելով, որ ՀՀ-ում իրականացվող
զարգացման բոլոր ծրագրերում միշտ հաշվի են առնվում Արցախի խնդիրները:

«Առաջիկայում Արցախի մեր գործընկերներին կտրամադրենք շտապ օգնության նոր և
արդիականացված տասը մեքենաներ: Կլինեն նաև աջակցության այլ ծրագրեր: Ինչ
վերաբերում է ապահովագրության համակարգի ներդրմանը, ապա մենք ևս կարևորում
ենք դրա՝ սոցիալական ուղղվածություն ունենալու առաջնահերթությունը, և
կարծում ենք, որ այն չպետք է դառնա սոսկ ֆինանսական շուկայի զարգացման
առաջնահերթ գործիք: Համոզված եմ՝ այս հարցում ՀՀ կառավարության՝
առաջիկայում ընդունելիք որոշումը կլինի այդ տրամաբանության մեջ, և մեր
համագործակցությունը նաև այս բնագավառում կարևոր հեռանկար կունենա», - ասել
է Ա. Թորոսյանը:

Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել գերատեսչությունների միջև
կապերի խորացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, մասնագետների
վերապատրաստման և մի շարք այլ հարցերի շուրջ։ Հանդիպմանը մասնակցել է նաև
ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ