Սպորտ - Ծանր բանակցություններից հետո Հայաստան ենք հրավիրել լեգենդար ֆուտբոլային մասնագետի. Արթուր Վանեցյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն Ազատություն TV-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է նաև հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցերի:

«Ես առհասարակ փորձում եմ նախկիններին գնահատականներ չտալ: Այն ինչ եղել է, բոլորը գիտեն, տեսել են: Այսօր, ցավոք, մենք չունենք այն հիմքը, որի վրա կառուցելու ենք հետագա ֆուտբոլային հաջողությունները, որ պետք է լինի:

Ցավոք, հասարակության մեջ մի պատկերացում կա, որ ՀՖՖ-ի նախագահի աշխատանքը գնահատում են ազգային հավաքականի արդյունքներով: Ջիբրալթարից կրած պարտությունից հետո ես դարձել էի հասարակության ամենամերժված մարդը: Ինչ ասես ասում էին, գոռում էին: Դրանից հետո հաղթեցինք Մակեդոնիային ու երբ դուրս եկա ստադիոնից, 10 հազար մարդ կանգնած իմ անունն էր վանկարկում:

Իհարկե, հասարակությունն այդպես է գնահատում, բայց հայկական ֆուտբոլի զարգացման մեր տեսլականն այլ է: Այսօր մենք խնդիր ունենք Հայաստանում զարգացնել մանկապատանեկան ու մասսայական ֆուտբոլը: Դրա համար պետք են դաշտեր, գնդակներ, և ամենակարևորը` մարզիչներ:

Այցելել եմ Ցյուրիխ, հանդիպել եմ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ, Դուբլինում հանդիպում եմ ունեցել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ, ու մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային որոշակի ֆինանսական միջոցներ տրամադրելու վերաբերյալ, որպեսզի կարողանանք կառուցել փոքր դաշտեր: Առաջին 5 տարում ցանկանում ենք Հայաստանում շուրջ 700 փոքր դաշտ կառուցել: 2019 թվականին մենք Վայոց Ձորի մարզում 12 փոքր դաշտ ենք կառուցելու, կառուցելու ենք Եղեգնաձորի մարզադաշտը, ֆուտբոլի դպրոց ենք կառուցելու Մարտունիում, արդեն իսկ սկսել ենք ֆուտբոլի դպրոց կառուցել Սիսիանում, Էջմիածնում:

Ծանր բանակցությունների արդյունքում կարողացել ենք Հայաստան հրավիրել լեգենդար մի մասնագետի, ում անունը հիմա չեմ կարող ասել: Հունվարի 6-ին կասենք նրա անունը: Նա ֆուտբոլային աշխարհում լեգենդար մարդ է, ով համաձայնել է գալ, բնակվել Հայաստանում, մարզել մեր մարզիչներին ու գրել ֆուտբոլի զարգացման ծրագիր:

 

Այն երկիրը, որտեղ նա աշխատել է վերջին 20 տարիներին, այսօր ֆուտբոլային քարտեզում առաջատար դիրք է զբաղեցնում: Նա ունեցել է աշխարհի 9, Եվրոպայի` 6 չեմպիոն: Այսօրվա ֆուտբոլային աստղերի մեծամասնությունը եղել են անձամբ իր աշակերտները: Ինքը մեծահասակների ազգային հավաքականներ երբեք չի մարզել, աշխատել է մինչև 16,17,18,19,21 հավաքականների հետ:

Այսինքն մենք բերում ենք մարդ, ով գրելու է մեր ֆուտբոլի զարգացման ծրագիրն ու հիմք է դնելու լուրջ ֆուտբոլային մոտեցումների: Ոչ ոք չէր հավատում, որ այդ մարդուն կկարողանանք համոզել բերել Հայաստան: Նա այսօր ՈւԵՖԱ-ում անցկացնում է մարզիչների սեմինարներ Եվրոպայի բոլոր երկրների համար: Երբ մեզ հետ պայմանագիր կնքի, բոլորի համար այդ դասերը կկարդա արդեն Հայաստանի դրոշի ներքո»,- ասել է Արթուր Վանեցյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ