Սպորտ - Նվաճել բոլոր գոտիները` միայն Հայաստանի դրոշի ներքո․ Ռաֆայել Սիմոնյան

Սեպտեմբերի 29-ին Մոսկվայում տեղի ունեցած բռնցքամարտի պրոֆեսիոնալ ռինգում հայազգի մարզիկ Ռաֆայել Սիմոնյանը բավականին դժվարին պայքարում հաղթանակ տարավ, երբ արդեն իսկ չորրորդ ռաունդում մրցակիցը հանձնվեց՝ ստանալով ոսկրի կոտրվածք։

 

WPBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած վանաձորցի բռնցքամարտիկը, ով բնակվում է Մոսկվայում, օրերս ժամանել է Հայաստան։

 

Tesaket.info-ին հաջողվել է զրուցել նրա հետ։

 

«Բռնցքամարտը ընտանեկան «ժառանգություն» է, որը սերնդե-սերունդ փոխանցվել է։ Ընտանիքում բոլոր տղամարդիկ մարզվել են, հետևաբար իմ ընտրությունը անակնկալ չի եղել ընտանիքիս համար։ Միյայն թե բոլոր մայրերի նման իմ մայրն էլ մինչ օրս չի համակերպվում այն մտքի հետ, որ ես ինձ ամբողջովին նվիրել եմ բռնցքամարտին»- ժպիտով պատմեց չեմպիոնը հավելելով, որ արդեն 12 տարի է ինչ մարզվում  և պարզապես ապրում է բռնցքամարտով։

 

«Միշտ սիրել եմ բռնցքամարտը և այլ մարզաձևում ինձ չեմ էլ պատկերացրել։ Առաջին հաջողությունս գրանցել եմ 14 տարեկանում։ Հինգ տարի շարունակ եղել եմ Հայաստանի առաջնության հաղթող։ Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալակիր եմ, միջազգային սպորտի վարպետ։ Ցավում եմ միայն, որ իմ բազմաթիվ մեդալների շարքին այդպես էլ չի ավելանա, այդքան սպասված օլիմպիական ոսկե մեդալը»։

 

Ռաֆայելը չի կարող մասնակցել օլիմպիական խաղերին, քանի որ ըստ ԱԻԲԱ-յի (Բռնցքամարտի միջազգային ասոցիացիա) նման բարձր վարկանիշի և աշխարհի գոտու դեպքում օլիմպիական խաղերին մասնակցել չի թույլատրվում։

 

Մարզիկը համեստորեն նշեց․

 

Չի մասնակցի օլիմպիական խաղերին, բայց օլիմպիական ոսկու պակասը կլրացնի նոր չեմպիոնական գոտիներ նվաճելով։

 

Անդրադառնալով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերային Ռաֆայելը նշեց, որ սիրողականից պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվել է 2016 թվականի օլիմպիական խաղերից հետո։

 

Նա անցկացրել է 6 մենամարտ, որոնցից 5-ը ավարտել է նոկաուտով։

 

Խոսելով վերջին՝ գոտու համար անցկացվող մենամարտի մասին, Ռաֆայելը անկեղծացավ․

 

«Խոստովանեմ, որ բարդ մենամարտ էր, մրցակիցս ուժեղ էր և փորձառու, սակայն ես գիտեմ, որ ոչինչ հեշտ չի տրվում, եթե այդքան հեշտ լիներ բոլորն էլ չեմպիոն կդառնային։

 

Քանի որ նախկինում երբեք 12 ռաունդ տևողությամբ մարտ չէի անցկացրել և լիովին պատրաստվելու համար ինձ տրված երկու ամիսը բավական չէր, որոշեցի հաղթանակի հասնելու համար ռիսկի դիմել։ Հավաքեցի ուժերս և մարզիչներիս գլխավորությամբ սկսեցի ամենօրյա քրտնաջան մարզումներս,որոնք էլ տվեցին իրենց արդյունքը, և ես շատ ուրախ եմ, որ կարողացա բարձր պահել երկրիս անունը և պատվով կատարել իմ առջև դրված խնդիրը»։

 

Բռնցքամարտիկը  հավելեց, որ պատրաստվում է շարունակել պրոֆեսիոնալ բռնցքամարտում հանդես գալ միայն Հայաստանի դրոշի ներքո և պայքարել ավելի բարձր վարկանիշային մարտերի մասնակցելու և նոր գոտիներ նվաճելու համար։

 

«Ինձ համար, որպես մարզիկ մեծ պատիվ է իմ երկրի դրոշի ներքո հանդես գալը։ Իհարկե բազմաթիվ շահավետ առաջարկներ եմ ունեցել ներկայացնելու օրինակ՝ Ռուսաստանը, սակայն կյանքում կան բարձրագույն արժեքներ, որոնք ոչնչով չես գնի և ոչնչի հետ չես փոխի։ Ինձ համար կա մեկ նպատակ․

 

Նվաճել բոլոր գոտիները`միայն Հայաստանի դրոշի ներքո»:

 

Ռաֆայել Սիմոնյանը, դեռևս միակ հայ պրոֆեսիանալ բռնցքամարտիկն է, ով նվաճել է աշխարհի չեմպիոնի գոտին հայկական դրոշի ներքո, ներկայացնելով Հայաստանը։

 

Մարզիկը չցանկացավ խոսել ապագա պլանների մասին։ Նշեց միայն, որ շատ ծրագրեր ունի, որոնք էլ կփորձի ապագայում իրականություն դարձնել։

 

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ