Սպորտ - Ուղղակի դուրս գալ գորգ, կենտրոնանալ և հաղթել. Մալխաս Ամոյան

Tesaket.info-ն զրուցել է ըմբշամարտի երիտասարդների աշխարհի նորընծա չեմպիոն Մալխաս Ամոյանի հետ, ով պատմեց, որ ըմբշամարտի հանդեպ սերը ժառանգել է հորեղբորից՝ Հայաստանի լավագույն ըմբիշ Ռոման Ամոյանից։

 

«Հիշում եմ, երբ 4 տարեկան էի նրա հետ միասին գնում էի մարզվելու, իսկ երբ հորեղբայրը վերադառնում էր հավաքներից հագնում էի նրա մարզական համազգեստը և ամբողջ օրը վազվզում դրանով։ Իսկ երբ արդեն 6 տարեկան էի սկսվեցին ամենօրյա քրտնաջան մարզումները։ Քանի որ սպորտաձևի դժվարությունները ինձ ծանոթ էին ավելի հեշտ սովորեցի դրանց և փոքր, բայց վստահ քայլերով սկսեցի առաջ շարժվել»․

 

Մալխասը պատմեց նաև․ չնայած նրան, որ տանը ոչ ոք երբեք դեմ չի եղել իր՝ հորեղբոր ուղին ընտրելու որոշմանը, այնուամենայնիվ մայրը մինչ օրս մի փոքր ավելի դժվար է տանում որդու տանջալից պարապմունքներն ու անվերջ բացակայությունները տանից։  Նա հավելեց նաև, որ բացի իրենից տանը այլ ըմբիշներ էլ կան, հորեղբոր որդին 11-ամյա Արթուր Ամոյանը, ով  բավականին լավ արդյունքներ է գրանցում ըմբշամարտում և հարազատ եղբայրը, ով չնայած իր շատ փոքր տարիքին բաց չի թողնում ավագ եղբոր հետ մարզումներին մասնակցելու ոչ մի հնարավորություն։

 

Անդրադառնալով ըմբիշի գրանցած վերջին հաջողությանը նա խոստովանեց, որ սպորտում գրանցած իր բոլոր հաջողությունների և մեդալների կողքին աշխարհի չեմպիոնի տիտղոսը ամենասպասվածն էր։

 

«Բազմաթիվ մեդալներ ունեմ, սակայն աշխարհի չեմպիոնի գոտին և ոսկին ինձ համար յուրօրինակ տեղ են զբաղեցնում։ Գնացել էի միանշանակ ոսկե մեդալ նվաճելու համար։ Չեմ մտածել պարտության մասին, քանզի կարծում եմ, որ պետք չէ կենտրոնանալ այդպիսի մտքերի վրա, պետք է պարզապես անել այն ինչի համար 9 ամիս քրտնաջան աշախատել ես»։

 

Մարզիկը ցանկացավ նշել, որ իր համար սպորտը ազգություն չի ճանաչում և պետք չէ այն քաղաքականացնել, պետք է ուղղակի դուրս գալ գորգ, կենտրոնանալ և հաղթել։

 

Երտասարդ չեմպիոնը խոսեց նաև իր խոսքով մարզիկի կյանքում ամենակարևոր դերը ունեցող անձանցից՝ մարզիչներից․

 

«Կարծում եմ բոլոր մարզիկներն էլ կհամաձայնեն ինձ հետ և կփաստեն, որ ցանկացած հաղթանակ դա ոչ միայն մարզիկի այլ նաև մարզչի քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Չեմ կարող շնորհակալությունս չհայտնել հավաքականի մարզիչներ՝ Արմեն Բաբալյանին, Մովսես Կարապետյանին, անձնական մարզիչ՝ Համլետ Հովհաննիսյանին, մարզիչներ Ազատ Ամոյանին, Արսեն Մակվեցյանին, Ռոման Ամոյանին և իհարկե չեմ կարող չնշել իմ ավագ ընկերներին՝ Արթուր Ալեքսանյանին, Արսեն Ջուլֆալակյանին և Մաքսիմ Մանուկյանին ովքեր միշտ ոգևորում  և աջակցում  են ինձ»։

 

Ամոյանը սովորում է Երևանի պետական համալսարանում, որտեղից հեռացվել է հավաքների և առաջնությունների ընթացքում դասերից բացակայելու հետևանքով։

 

Խոսելով ապագա պլանների մասին նա նշեց, որ պատրաստվում է մեկնել Գերմանիա, որտեղ ազատ ոճի ըմշամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Արսեն Հարությունյանի հետ միասին հանդես կգան գերմանական ըմբշամարտի ակումբային լիգայում։

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ