Սպորտ - ԵԱ. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի 3 մարզիկներ դուրս եկան կիսաեզրափակիչ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում օգոստոսի 3-ին պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները: Առաջին օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ, որոնցից երեքը դուրս են եկել կիսաեզրափակիչ:

 

Արսեն Հարությունյանը (57 կգ) ռումինացի (12:2) ու ադրբեջանցի (11:0) ըմբիշների նկատմամբ վստահ հաղթանակներից հետո դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի հունգարացի Ռայմունդ Ֆարկասի հետ:

 

Արման Անդրեասյանը (70 կգ) եւս մեկնարկել է 2 հաղթանակով (12:2, 3:1) եւ նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր: Կիսաեզրափակիչում նա կմրցի Ռուսաստանը ներկայացնող Չերման Վալիեւի հետ:

 

Արման Ավագյանը (79 կգ) եւս կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել 2 հաղթանակներից (10:9, 11:10) հետո: Եզրափակիչի ուղեգիրը Ավագյանը կվիճարկի թուրք Ռամազան Սարիի հետ:

 

Գեղամ Գալստյանը (65 կգ) 2 հաղթանակ (7:5, 12:1) տանելուց հետո պարտություն է կրել քառորդ եզրափակիչում: Եթե նրան հաղթած մոլդովացի ըմբիշը նվաճի եզրափակիչի ուղեգիր, Գալստյանը հնարավորություն կստանա օգոստոսի 4-ին պայքարել բրոնզե մեդալի համար:

 

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Իտալիա են մեկնել նաեւ Վազգեն Թեւանյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) եւ Հովհաննես Բաղաքյանը (125 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 4-ին:

 

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել էր 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը: Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ժենյա Խաչատրյանն անհաջող է հանդես եկել 59 քաշային կարգում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ