Սպորտ - Մխիթարյանն առաջին անգամ մարզվել է Էմերիի գլխավորությամբ

Լոնդոնի «Արսենալի» համար սկսվում է առանց Արսեն Վենգերի դարաշրջանը, որը 22 տարի թիմը մարզելուց հետո 2017-18 մրցաշրջանից հետո հեռացավ: Երեկ՝ հուլիսի 3-ին, «զինագործներն» առաջին մարզումն են անցկացրել նոր գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի գլխավորությամբ: Մարզվել են բոլոր նրանք, ովքեր ներգրավված չեն ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Նրանք բժշկական հետազոտություն են անցել, որից հետո սկսել են բուն աշխատանքը:

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի համար սա առաջին նախամրցաշրջանային հավաքն է «զինագործների» կազմում: Նախորդ մրցաշրջանում նա հունվարին է եկել Լոնդոն ու ամբողջ տարվան թիմի հետ պատրաստվելու հնարավորություն չի ունեցել: Մխիթարյանն իր արձակուրդն անցկացնում էր Հայաստանում:

 

«Հայաստանը հիանալի էր: Հիմա վերադառնում եմ Լոնդոն, ամբողջությամբ կենտրոնացած եմ նոր մրցաշրջանի վրա»,- գրել էր նա սոցիալական ցանցերում:

Ավելի ուշ բարի գալուստ է մաղթել Սոկրատիս Պապաստատոպուլոսին, որը պայմանագիր է կնքել «Լոնդոնցիների» հետ: Նրա հետ Մխիթարյանը խաղացել է Դուրտմունդի «Բորուսիայում»:

«Բարի գալուստ, Սպարտակո՛ւս: Ուրախ ենք քեզ մեր թիմում տեսնելու համար»

Առաջին խաղը լոնդոնցիներն անցկացնելու են հուլիսի 14-ին: Մրցակիցը լինելու է «Բորհեմ Վուդը»: Այնուհետեւ մասնակցելու է «International Champions Cup» ընկերական մրցաշարին: Դրա շրջանակներում խաղալու է «Ատլետիկո Մադրիդի» (հուլիսի 26), ՊՍԺ-ի (հուլիսի 28) ու «Չելսիի» (օգոստոսի 1) դեմ: Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 11-ին: Առաջին մրցակիցը լինելու է «Մանչեստեր Սիթին»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ