Պաշտոնական - Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԱՏ բարձրագույն խորհրդի նիստում

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

 

Միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

 

Ստորև ներկայացնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

 

«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հարգելի՛ նախագահող,

Պետությունների հարգելի՛ ղեկավարներ, 

Նիստի հարգելի՛ մասնակիցներ,

 

Առաջին հերթին ցանկանում եմ սկսել բոլոր ներկաներին շնորհավորանքով՝ անցած տոնի՝ Մեծ Հաղթանակի կապակցությամբ: Հայրենական Մեծ պատերազմը եղել է դժվար փորձություն ԵԱՏՄ երկրների և աշխարհի այլ ժողովուրդների համար: Մեր պարտքն է պահպանել և երիտասարդ սերունդներին փոխանցել թանկագին վետերանների հերոսական սխրանքների մասին հիշողությունը, անել ամեն հնարավորը՝ անվտանգության ապահովման, կայուն զարգացման և մեր երկրների բարգավաճման համար:

 

Ցանկանում եմ նաև սրտանց շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահին՝ ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև նման բարձր մակարդակի գագաթնաժողով կազմակերպելու համար:
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,

 

Ինչպես հայտնի է, Հայաստանում տեղի է ունեցել իշխանության խաղաղ փոխանցում, որի մասին, կարծում եմ, լավ տեղեկացված եք: Մենք արդեն ձևավորել ենք կառավարություն, որի ծրագիրը հայեցակարգային առումով չի նախատեսում արտաքին քաղաքականության ուղիների փոփոխություն: Հաստատում եմ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին լիակատար հանձնառությունը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Մենք տրամադրված ենք ակտիվ փոխգործակցության ԵԱՏՄ գործընկերների հետ՝ ելնելով ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի գործնական շահերից, ինչպես նաև տնտեսական համագործակցության արտոնյալ ռեժիմների ներդրումից, ինչը կարգավորվում է միության օրենքով:

 

ԵԱՏՄ-ի հետ կապված հայ հասարակությունում առկա դիսկուրսը պայմանավորված է նրանով, որ վարչական խնդիրների լուծումը, անցումը դեպի նոր ընդհանուր կարգավորիչ մեխանիզմների, ինչպես նաև տարբեր խոչընդոտների առկայությունը դեռևս չեն արդարացնում բիզնեսի՝ անմիջապես կոնկրետ և շոշափելի արդյունքներ ստանալու ակնկալիքները, ինչն ընկած է եվրասիական ինտեգրացիայի գաղափարի հիմքում:

 

Կարծում եմ, որ ԵԱՏՄ երկրների համատեղ ջանքերը և ամեն օր տեսանելի արդյունքների հասնելու հետևողականությունը կարող են կրճատել նման քննարկումների ծավալը: Հայաստանը շահագրգռված է դրանում և ելնում է նրանից, որ նախ և առաջ անհրաժեշտ է ապահովել առևտրատնտեսական համագործակցության աճ, շեշտը դնել բարձր և նոր տեխնոլոգիաների վրա, գործնականում ապահովել հավասար պայմաններ տնտեսվարող սուբյեկտների համար, գտնել հանգույցներ այն հիմնահարցերի շուրջ, որոնք ուղիղ ազդում են կյանքի որակի վրա: Ի վերջո, եթե տնտեսական ակտիվության ցուցանիշները տեսանելի կերպով չեն զգացվում քաղաքացիների կողմից, ապա դրանք վերածվում են «վիճակագրություն կատեգորիայի»։

 

Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,

 

Մինչ օրակարգի երկու-երեք հարցերի վրա կանգ առնելը, ընդգծեմ, որ հայկական կողմը պատրաստ է աջակցել նիստում համաձայնեցված բոլոր փաստաթղթերի ընդունմանը: ԵԱՏՄ-ի արտաքին գործունեությանը վերաբերող հարցերի հետ կապված ընդգծեմ, որ դիտորդի կարգավիճակի մասին դրույթը երկար համաձայնեցումներից հետո, մեր կարծիքով, ամբողջությամբ բխում է միության մասին պայմանագրից: Կարծում ենք, որ ԵԱՏՄ-ում երրորդ երկրների հետ փոխգործակցության այլ ձևաչափեր ներդնելու հարցի մշակումը նպատակահարմար է դիտարկել դիտորդի կարգավիճակի գործնական իրականացման վերլուծությունից հետո: Առավել ևս, որ այսօր նախատեսվում է ընդունել երրորդ երկրների կամ այլ ինտեգրացիոն միավորումների հետ ԵԱՏՄ միջազգային պայմանագրերի մասին համաձայնագիրը, որը միտված է պայմանագրերի կնքման հարցերի կարգավորմանը, համատեղ հետազոտական խմբի աշխատանքի պարզեցմանը և շատ ավելիին:

 

2018-2019 թվականների մակրոտնտեսական քաղաքականության իրականացումը, իսկ դա տնտեսական աճի վերականգման գործընթացի ակտիվացումն է, անկասկած կնպաստի ազգային գերակայություններին հասնելուն, այդ թվում՝ ծառայությունների միասնական շուկայի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացմանը:
Վերջում ցանկանում եմ հույս հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետագա փոխգործակցությունն ուղղված կլինի զարգացմանը՝ ձեռնարկատիրության և ներդրումների համար հարմարավետ պայմանների ստեղծման, քաղաքացիների կենսամակարդակի բարելավման միջոցով:

 

Շնորհակալություն ուշադրության համար»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ