Հասարակություն - Հայաստանը համարվում է տղամարդու իշխանության տակ գտնվող մշակութային տարածք, կարիք չկա պայքարել կնոջ իշխանության համար. կարծիքներ (տեսանյութ)

 

Խնդիրները կանանց աշխարհում այլ չեն, դժվարություններ, ոտնձգություններ, երբեմն թվացող անհաղթահարելի իրավիճակներ ամբողջ աշխարհում կան. ապրիլի 7-ին` մայրության և գեղեցկության տոնին հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Սահակյանը:  

Նա հիշեցրեց Հոլիվուդյան աստղերի՝ սեռական ոտնձգությունների դեմ պայքարող metoo շարժումը, որն, ըստ նրա, լավագույն օրինակ է, որ դեմոկրատ երկրներն էլ զերծ չեն նման խնդիրներից:

«Հայկական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ առաջին հերթին միատարր ազգ ենք, ազգային փոքրամասնությունները քիչ մաս են կազմում, և ունենալով մշակութային, կրթական ընդհանրություններ, խնդիրներն էլ ավելի քիչ են»,-ասաց նա:

Հասմիկ Սահակյանի խոսքով՝ անշուշտ հայ կանայք ունեն իրենց դժվարությունները՝  աշխատանքում, կարիերա անելիս,  ընտանքիում: «Մեծ ճիգեր է պահանջվում կանանցից  համատեղել ընտանիքն ու կարիերան, բայց կինն իր բնույթով ճկուն է և կարող է հասնել ցանկացած արդյունքի:

Հասմիկ Սահակյանի խոսքով՝ անիմաստ է պայքարել կանանց իշխանություն հաստատելու համար: Նրա խոսքով՝ երկու դոմինանտ մշակույթ կա աշխարհում, երբ կանայք են գերիշխող դեր գրավում և երբ տղամարդիկ են գերիշխում: «Հայաստանը համարվում է տղամարդու իշխանության տակ գտնվող մշակութային տարածք, դա պետք է ընդունել որպես պարզ ճշմարտություն և ուստի  պետք չի պայքարել, ցույցեր անել: Պետք է ուղղակի հասկանալ քո իրավունքները, երևույթը ճիշտ  գնահատել, իսկ արդյունքում կարողանում ես ադապտացվել: Կնոջ լավագույն կողմերից է այն, որ կարողանում է հարմարվել»,-ասաց նա և հավելեց, թե  ՀՀ-ում կանայք ունեն հավասար իրավունքներ:

Կարի արտադրական ձեռնարկության հիմնադիր, գործարար Լիդա Սարգսյանը համոզված է, որ Հայաստանում գենդերային անհավասարություն պնդումը հիմնավոր չէ: «Չեմ հարամում, որ Հայաստանում կանայք ճնշված են, ընկալման հարց է: Կոնկրետ ինձ համար տղամարդը միշտ առաջին դերում է, երբեք չի կարելի ձգտել ու անցնել տղամարդուն, կան մարդիկ, որոնք ուզում են առաջ անցնել, բայց ընտրության հարց է»,-ասաց նա:   

Կանանց դերը հասարակական, քաղաքական կյանքում, ըստ նրա, բավարար է և խորհրդարանում, պետական այլ կառույցներում կանայք ներգրավված են այնքան, որքան անհրաժեշտ է:

«Կինը որտեղ էլ որ լինի` գործարար, թե խոհարար, բժիշկ, թե մանկավարժ, պետք  է միշտ կին մնա, կանացիությունը երբեք չկորցնի»,-ասաց նա:

«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ ղեկավար Ռիմա Առաքելյանի խոսքով հայ կանայք տարբերվում են նրանով, որ խելացի են, խոհեմ, լավ մայր են ու կին: Ըստ  նրա` Հայաստանում թեև կանայք շատ են աշխատում, սակայն կնոջ աշխատանքն ինչքան շատ է, այնքան նա կարողանում է կազմակերպված գործել թե՛ տնային, թե՛ դրսի գործերում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ