Սպորտ - Mirror. Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծնկի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը, գրում է Mirror-ը:

29-ամյա ֆուտբոլիստի վերականգնման համար կարող է պահանջվել մինչեւ 6 շաբաթ՝ կախված վնասվածքի լրջությունից:

Մխիթարյանը վնասվածք էր ստացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում (4:1), որում փոխարինվել էր 61-րդ րոպեին:

Դրանից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել էր, որ կիսապաշտպանի վերականգնման ստույգ ժամկետները պարզ կլինեն մանրակրկիտ հեռազոտություններից հետո:

«Արսենալը» հաջորդ հանդիպումն անցկացնելու է ապրիլի 8-ին՝ Անգլիայի առաջնության 33-րդ տուրում ընդունելով «Սաութհեմփթոնին», իսկ ԲԿՄԱ-ի դեմ պատասխան խաղը կկայանա ապրիլի 12-ին Մոսկվայում:

Այս ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխվելուց հետո Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 12 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: Նա նաեւ երկու անգամ ճանաչվել է ակումբի ամսվա լավագույն խաղացող:

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ