Պաշտոնական - Հայաստանի համար անընդունելի է քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության վտանգումը. ԱԳՆ

Հայաստանի համար անընդունելի է իր քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության վտանգումը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով մեր երկրում ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության գործունեության հնարավորությանը: «Գերմանիայի դեսպանատունը հայտարարել է, որ գործելու է նախկին կարգը, հարցը պետք է մինչև վերջ քննարկվի, քանի որ Հայաստանի համար անընդունելի է, որ անձնական տվյալների գաղտնիությունը վտանգված լինի, քննարկման արդյունքում կկայացվի որոշում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա՝ ավելացնելով, որ վիզաների ստացման հայտերի ընդունման ընկերության ընտրության մրցույթը հայկական կողմը չի հայտարարել:

«Մրցույթի արդյունքներից հետո համապատասխան հարցադրումներ մեր կողմից արվել են: Հայաստանն ունի քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք և եթե կա վտանգ այդ անձնական տվյալների ոչ գաղտնի լինելու հետ կապված, ապա համապատասխան քայլեր կարվեն»,- ընդգծեց Քոչարյանը:

Ապրիլի 4-ին Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ 2018 թվականի ապրիլի 3-ից տեխնիկական պատճառներից ելնելով վիզաների համար դիմումների ընդունումը «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից չի կարող իրականացվել:

«ՎիզաՄետրիկ»-ի հետ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակում են ուժի մեջ մնալ: Դեսպանությունը շուտով սեփական ամրագրման առցանց համակարգով պայմանավորվածությունների ամրագրման հնարավորություն կընձեռի»,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ:

Մարտի 30-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պահանջել է ուղեփակել ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից (որը Հայաստանում պետք է զբաղվեր շենգենյան գոտու վիզաների հայտերի ընդունմամբ) ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը, այն է՝ կասեցնել անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ օգտագործելու իր հնարավորությունը՝ մինչև Գործակալության ստուգման գործողությունների ավարտը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ