«Տեսակետ» մամուլի ակումբ - Անուշ Հովհաննիսյան. «Սիրիական կարկանդակից Թուրքիան պոկում է իր բաժինը»

«Թուքիան, ըստ էության, օկուպացնում է հարևան երկրի տարածքը և դա անում է ՌԴ-ի և ԱՄՆ-ի լուռ համաձայնությամբ»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադառնալով Աֆրինի գրավման գործողությանը, կարծիք հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը` նկատելով, որ միջազգային եւ տարածաշրջանային խաղացողներից որևէ մեկը լուրջ անրադարձ չի կատարում դրան ու դա մտահոգիչ է:

 

Ըստ բանախոսի, սիրիական ճգնաժամը, փաստորեն, որևէ մեկին չի հետաքրքրում ու որևէ մեկը չի պատրաստվում իր խոստումներին հետևել, մասնավորաբար, Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման մասով: Հիշեցնենք՝ Սիրիայի ամբողջականության պահպանման մասին խոսում էր ՌԴ-ն: Արդյունքում, ըստ թուրքագետի, սիրիական կարկանդակից Թուրքիան պոկում է իր բաժինը: Ի՞նչ է անելու Թուքիան Աֆրինից հետո. առաջ կգնա՞, կմնա՞, ինչպիսի՞ն կլինեն «Ձիթենու ճյուղ» օպերացիայից հետո հարաբերությունները ԱՄՆ-ի, ՌԴ-ի և տարածաշրջանային մյուս խաղացողների հետ: Ինչպե՞ս կկապիտալիզացնի Էրդոնանն իր այս հաղթանակը ներքաղաքական կյանքում. այս հարցերի համատեքստում փորձագետը հիշեցնում է`Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարները հայտարարում են, որ Աֆրինով գործը չի ավարտվելու և ասում են, որ ԱՄՆ-նն ընմբռնումով է մոտենում: ԱՄՆ-ից հայտարարում են, որ որևէ պայմանավորվածություն չկա: Թե ԱՄՆ նախկին պետքարտուղար Թիլերսոնի Թուրքիա կատարած փետրվարյան այցից  հետո ձեռք բերված պայմանավորվաություններն ի՞նչ կլինեն`հայտնի չէ: Փորձագետն ասում է`այժմ թուրք-ամերիկյան ակտիվ սակարկություններ են գնում`ի՞նչ կարող է Թուրքիան պոկել այս հաջողությունից: Ուշադրություն է հրավիրում ՌԴ-ի հետ C 400-ի գործարքի դանդաղեցման վրա, ամերիկյան հրթիռների շուրջ բանակցություների, Էրդողանի թիկնապահների հետ կապված պատմության չեզոքացման և այլն: Ելնելով այս ամենից, Անուշ Հովհաննիսյանը համաձայն է այն թուրք գործիչների հետ, որոնք ասում են`Թուրքիան ոչ միայն ցեղասպանություն է իրականացնում, այլեւ ցեղասպանություն է արտահանում ու դրա ապացույցը Աֆրինի գրավման ժամանակ իրականացված վայրագություններն են, երբ անգամ մեր թվարկությունից առաջ 1300 տարվա հուշարձան էին ոչնչացնում, քուրդ ժողովրդի համար առասպելական հերոսի հուշարձանն էին վերացումն է. «Սա հայերիս շատ ծանոթ ձեռագիրն է. ցեղասպանությունը ոչ միայն ֆիզիկական բնաջնջումն է, այլ նաև ծիսական վանդալիզմի ակտերը»:

 

Ըստ բանախոսի, Աֆրինի բռնակցմամբ այդ բնակավայրում Թուրքիան նաև էթնիկ պատկերն է փոխելու: Նա պատմությունից հայտնի դեպքեր է օրինակ բերում`Թուրքիայի կողմից սիրիական հողերի բռնակցման`գերտերությունների մանդատի ներքո, և այդ բնակավայրերում էթնիկ պատկերի վերափոխման: Անուշ Հովհաննիսյանը վստահ է`իր նեոիսլամիստական նկրտումներով Թուրքիան բախվելու է նաև Իրանի հետ, չնայած այժմ իրավիճակային դաշնակիցներ են Սաիրիայի հարցում: Բախվելու է նաև արաբ հարևանների հետ: Այս ամենի համատեքստում խոսելով՝ արդեն արտաքին ձեռքբերումների` ներքին կյանքի վրա անդրադարձերի մասին, բանախոսը նկատում է`վերջին շրջանում հաշվարկները ցույց էին տալիս, որ Էրդողանի կուսակցությանը չի հաջողվելու 2019-ի ընտրություններում հավաքել բաղձալի 50+1 տոկոսը ու այս իմաստով Աֆրինի հաղթանակը պետք էր իրեն: Թեև, ռազմական տեսանկյունից, թուքագետի կարծիքով՝ այն այդքան էլ մեծ բան չէր, բայց ամեն ինչ անում են` համաշխարհային մակարդակի հաղթանակ ցույց տալու համար: Նաև նկատում է, որ Թուրքիայում հիմա «սիմվոլիկ լեզու» է օգտագործվում, որը ցույց է տալիս, թե ո՞ւր է գնում այդ երկիրը: Թուրքագետի գնահատմամբ, իսլամացված ազգայնականության տենդենցն է երևում Թուրքիայում: Անուշ Հովհաննիսյանը խոսեց նաև Թուրքիայում Ընտրական օրենքում կատարված փոփոխությունների մասին, որոնք ապահովում են դաշինքների մուտքը խորհրդարան:

 

Հիշեցնենք, Էրդողանի կուսակցությունը դաշինք կազմեց «Գորշ գայլերի» հետ : Այդ փոփոխություններով նաև քրդական կուսակցության մուտքը սահմանափակելու քայլեր են արվել: Թուրքագետը նկատում է`Էրդողանը դաշտը մաքրում է: Նաև լրատվական: Վերջերս «Դողան» հոլդինգը ստիպված վաճառեց իր ակցիաները մեկ այլ խոշոր գործարարի, որը Էրդողանի մտերիմն է: Եթե նախկինում, Թուրքիայում լրագրողները հայտնվում էին ճաղեի ետևում, հիմա վերահսկվում են Էրդողանի կողմից: «Թուրքիայում նույնիսկ կատակում են`մեկ մարդ, մեկ ձայն»,- ասում է թուրքագետը:

 

Այս իրողությունների համատեքստում, բանախոսը նկատում է`մենք չենք կարող չմտահագվել Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների ճակատագրով, քանի որ չգիտենք թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, քանի որ կան կարծիքներ, որ չնայած թվացող կայունացմանը եւ քաղաքական բանակցություններին, վտանգ կա, որ այս պատերազմն անավարտ է, անընդհատ նոր օջախներ են ծագում: Նաև, ունեք Ադրբեջանի նման հարևան: Ու քանի դեռ Թուրքիան իր ուշադրությունն առայժմ տրամադրել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանին, Անուշ Հովհաննիսյանը կարծում է, որ առայժմ մենք ժամանակ ունենք մեր անվտանգային համակարգը բարելավելուն: Դա և բանակն է, և տնտեսության զարգացումը, և կոռուպցիայի դեմ պայքարը, և արտաքին քաղաքականության ուժեղացումը: Թեև այս ամենը պետք է երեկ արած լինեինք, բայց գոնե այսօր պետք է անել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Aravot.am

Օգոստոսի 24-ին, ժամը 12.00 Արշակունյաց 16 Ա շենք, բն. 3 հասցեում (1-ին մուտք, 2-րդ հարկ) «Տեսակետ» մամուլի ակումբը կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսը՝ փաստաբան Արման Թամրազյան: Թեման՝ «Նոր բացահայտումներ, նոր տեսագրություններ և նոր մեղադրանքներ՝ 2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի հետ կապված, որտեղ ակնհայտ կերպով խախտվել են Գասպարյանի իրավունքները, և վարույթն իրականացնող մարմինը կայացրել է ապօրինի որոշումներ»: Ասուլիսին ներկա կլինի նաև Կարեն Գասպարյանը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 23-44-29

Օգոստոսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսներն են ՀՀ վաստակավոր արտիստ, «Գութան» փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը, «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանը, «Նուբար» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Լուսինե Նազարյանը, «Սասնա ծռեր» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հովհաննես Մկրտչյանը, «Արեգ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Արտավազդ Այվազյանը և «Սեբաստացիներ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հայարփի Անանյանը: Թեման՝ «Օգոստոսի 23-ին արդեն 6-րդ անգամ կանցկացվի «Գութան» Հայաստանի երգի-պարի ամենամյա փառատոնը, որն այս անգամ նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: Որո՞նք են այս տարվա փառատոնի առանձնահատկությունները, ի՞նչ նպատակ ունի այն, ովքե՞ր են մասնակցում և այլն: Փառատոնի ընթացքում կներկայացվեն Կոմիտասին նվիրված 5 կարճամետրաժ ֆիլմեր»:

Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ