«Տեսակետ» մամուլի ակումբ - Բոլորին ստիպեցին պարել 3 րոպե՝ բացի վրացիներից.Գինոսյանը՝ վրացական կողմի անարդար հաղթանակի մասին

«Կարին»-ը վերադարձել է Իտալիայի Ագրիջենտո քաղաքից, որտեղ մարտի 3-11-ն անցկացված Mandorlo in Fiore 73-րդ փառատոնի շրջանակներում ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված  «Սասնա ծռեր» էպոսը և «Քոչարի» ռազմապարը՝ գրավելով 3-րդ հորիզոնականը:

 

Առաջին տեղը բաժին է հասել Վրաստանին, երկրորդը՝ Արգենտինային:

 

«Աջարիայի պետական պարի խումբն էր ներկայացել մրցույթին, որը արդեն իսկ խախտում էր, որովհետև նման մրցույթներում ֆոլկ խմբեր են ելույթ ունենում, ոչ թե պետական: Նրանք միայն պարել են և չեն երգել: Ավելին՝ փակման արարողության ժամանակ բոլորին ստիպեցին ելույթները կրճատել ու դարձնել երեք րոպե, իսկ վրացական խումբը վերջում հանդես եկավ՝ պարելով յոթ րոպեից ավելի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

 

Նրա փոխանցմամբ՝ հայկական կողմը հայտնել է իր դժգոհությունը, կազմակերպիչները լսել ու ամեն ինչ ընդունել են:

 

«Կազմակերպիչները սկզբում ասել էին, որ ժյուրի կա, հետո պարզվեց՝ հաղթողները պետք է որոշվեն ժողովրդի քվեարկությամբ, որը փակ էր: Վրացիների ելույթն ամենաքիչն են դիտել, հետևաբար քիչ էլ քվեարկելու էին: Ամենաշատ դիտումներ ունեցել են Հայաստանի, Արգենտինայի, Կատալոնիայի թիմերը: Կատալոնիան, ի դեպ, ներկայացնում էին 270 հոգի: Մենք 25 հոգի էինք»,-նշեց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավարը՝ հավելելով.

 

«Մեզ համար կարևոր են նման մրցույթները, ցավոք, խորհրդային ժամանակներից աշխարհին ծանոթ չենք մեր իրական մշակույթով: Գնացել ենք մրցույթի ու 5 միլիոնի չափ պարտք ունենք: 2 միլիոնի չափով Մշակույթի նախարարությունն է խոստացել աջակցել, մնացածն էլ պետք է պարելով հավաքենք ու վճարենք»:

 

Համույթի մյուս ներկայացուցիչները, ովքեր ներկա էին ասուլիսին, կարևորեցին Կառավարության կողմից աջակցությունը նման խմբերին:

 

«Թե չէ 4 երաժիշտ ունեինք.մեկը դուդուկ էր նվագում, հետո փոխում էր թևի տակ  պահած զուռնայով»,-նշեցին նրանք:

 

 

Անի Կարապետյան

Asekose.am

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ