«Տեսակետ» մամուլի ակումբ - «Պետք չէ ներկայացնել միայն ժամանցային հաղորդումներ, երեխան այլ պահանջներ էլ ունի». Ռուբեն Բաբայան. Aravot.am

«Քաղաքակիրթ կարելի է համարել այն հասարակությունը, որն ունի յուրահատուկ վերաբերմունք երեխաների ու ծերերի հանդեպ, որտեղ հաշվի են առնվում թե’ երեխաների, և թե’ ծերերի կարծիքները», ասաց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

 

Մարտի 4-ին՝ մանկական հեռուստատեսության միջազգային օրվան ընդառաջ, «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Ռուբեն Բաբայանն ասաց, որ մանկական հաղորդումները հեռարձակելիս պետք է նպատակ ունենալ ոչ միայն ապահովել երեխայի ժամանցը, այլ նաև դաստիարակել մեր պետության ապագա քաղաքացիներին: Եվ այդ դաստիարակությունը չպետք է սահմանափակվի մեր ազգով ու պետությամբ, այլ նաև ներառի այլ պետությունների մշակույթը, որպեսզի  երեխաներն իրենց զգան համաշխարհային կրթության մի մասնիկը:

 

Aravot.am-ի հետ զրույցում ծնող Օլյա Նագդալյանն ասաց, որ շատ կցանկանար՝ հայկական հեռուստաեթերում լինեն նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված ծրագրեր, որտեղ նրանք կսովորեն տառերն ու թվերը, գույներն ու երկրաչափական պատկերները և դա կանեն խաղերի միջոցով, ինչպես արվում է արտասահմանյան շատ ծրագրերում:

 

Մեկ այլ ծնող Նարե Հարությունյանն ասաց, որ լավ կլիներ, եթե էկրանին հայտնվեին հեքիաթների հիման վրա նկարված կարճամետրաժ ֆիլմեր, ինչպես «Անբան Հուռին» է:

 

«Չի կարելի երեխաներին ցույց տալ անտրամաբանական, իրականությունից կտրված բաներ: Դա ազդում է նրանց գիտակցության, տրամաբանության վրա», ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

 

«Ես հետևում եմ, թե ինչ է դիտում իմ երեխան: Բայց հայկական ոչ մի հաղորդում նա չի սիրում, քանի որ այնտեղ լսվում է մեծահասակի ձայն, իսկ նա ավելի շատ ուզում է լսել երեխայի, բնության, կենդանիների ձայներ», ասաց ծնող Քրիստինե Համբարձումյանը:

 

«Շատ կարևոր է, թե երեխայի համար ով է դառնում հերոս: Մինչև օրս մենք հերոս ենք համարում իր կյանքը հայրենիքի համար զոհած զինվորին միայն: Եվ ստացվում է, որ այս երկրում հերոս դառնալու համար պետք է կյանքը զոհել, իսկ հանուն երկրի ապրելու օրինակները մենք չենք բերում: Եթե անգամ բերում ենք գիտնականների, բիզնեսմենների ու ընդհանրապես հաջողակ մարդկանց օրինակներ, նրանք այլ երկրում են ապրում, իսկ դա էլ երեխային ստիպում է մտածել, որ ինչ-որ բանի հասնելու համար պետք է երկրից դուրս գնալ», ասաց Ռուբեն Բաբայանը:

 

Սամվել Խուդոյանն առաջարկեց, որ այն հեռուստաընկերությունը, որ կորոշի ունենալ մանկական հոգեբանա-մանկավարժական ծրագիր, կարող է դիմել իրեն, և նա իրենց ամբիոնների մեծ մասնագիտական խմբի հետ միասին կմշակի և կներկայացնի նման ծրագիր:

 

Շուշաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ 
aravot.am

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ