Քաղաքական - «Ժամանակ». «Գարդասիլով» սկսեցին՝ չստացվեց, խայտառակ եղան, հիմա էլ ընկել են դեղատոմսերի հետևից. Գարիկ Աղաբեկյան

«Եթե այս փոփոխությունն իսկապես կատարում են նրա համար, որպեսզի հիվանդն ինքնաբուժությամբ չզբաղվի, ապա միգուցե սա ինչ-որ տեղ ճիշտ է, դրական է, որովհետև մեր երկրում մարդիկ հարևանից, բարեկամից կամ մեկ այլ անձից ինչ-որ դեղի անուն են լսում ու առանց տվյալ դեղի բաղադրությունը, ազդեցության դոզան, կողմնակի սիմպտոմները հաշվի առնելու՝ գնում են դեղատուն ու այդ դեղն առնում, խմում են: Այս տեսանկյունից, այո՛, սա ճիշտ որոշում է, բայց մյուս կողմից՝ այս պարագայում հիվանդը պետք է գնա պոլիկլինիկա, ստուգվի, և եթե կարիք կա՝ նրան դեղատոմսը տան, բայց մինչ այդ էլ հետազոտող բժիշկը հազար ու մի կաբինետ է ուղարկելու՝ ստուգումների, անալիզների և այլն, ինչը քաղաքացիների համար հավելյալ ծախսեր են»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց բժշկական գիտությունների դոկտոր Գարիկ Աղաբեկյանը՝ անդրադառնալով դեղերի մասին օրենքում կատարված փոփոխությանը։

 

Հիշեցնենք, որ հակաբիոտիկ, հորմոններ ու կոդեին պարունակող դեղեր գնելու համար 2018թ. մարտի 1-ից սկսած՝ քաղաքացին այլևս պետք է բժշկի դեղատոմս ունենա, իսկ արդեն հոկտեմբերից Հայաստանում գրանցված 4700 դեղամիջոցներից 2700-ը կվաճառվեն բացառապես բժշկի դեղատոմսով:

 
Սա դեղերի մասին նոր օրենքի շրջանակներում կատարվող փոփոխություններից մեկն է:

 

Այս համատեքստում Գարիկ Աղաբեկյանը նաև կոռուպցիոն ռիսկեր է տեսնում՝ չբացառելով այն հանգամանքը, որ այդ դեղատոմսերը հիվանդները ոչ շատ լուրջ հիվանդությունների դեպքում կարող են պարզապես որոշակի գումարի դիմաց գնել բժշկից։

 

«Եթե առողջապահության նախարարությունն ուզում է պոլիկլինիկաների և ընտանեկան բժշկության ամբուլատորիաների դերը բարձրացնել, ապա հարց է ծագում՝ արդյո՞ք նման մեթոդով է պետք դրանց դերը բարձրացնել: Այսօր շատերը գնում են ոչ թե պոլիկլինիկաներ, այլ նեղ մասնագիտական կամ բարձր որակ ունեցող հիվանդանոցներ, այսինքն՝ հենց սրանով երևում է, որ պոլիկլինիկաների դերը ցածր է այսօր, և հաշվի առնենք նաև, որ պոլիկլինիկաների կամ ամբուլատորիաների բուժսպասարկման որակից էլ քաղաքացիները դժգոհություններ ունեն, հետևաբար թող առաջնահերթ այս բուժհաստատությունների մասնագիտական որակը բարձրացնեն, հետո անցնեն դեղատոմսերի»,- հավելեց Աղաբեկյանը։

 

Վերջինիս համար անհասկանալի է առողջապահության նախարարության նման քայլերի հաջորդականությունը։

 

«Գարդասիլով» սկսեցին՝ չստացվեց, հետո փորձեցին ծխելու դեմ պայքարի շրջանակներում աստղաբաշխական տուգանքներ նշանակել՝ էլի չստացվեց՝ խայտառակ եղան, հիմա էլ ընկել են դեղատոմսերի հետևից»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ