Քաղաքական - Հայաստանի տնտեսական շրջափակումը ճեղքվում է

Նախօրեին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել Վրաստանում և Ադրբեջանում: Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ ֆորսմաժորային իրավիճակներում Հայաստանը կարող է օգտվել Հարավային Օսիայի և Աբխազիայի տրանսպորտային միջանցքներից: Հայաստանը Ռուսաստանին կապող Վերին Լարսի անցակետը հաճախակի է փակվում, ինչը կապված է եղանակային պայմաններով, երբ անցակետ տանող ճանապարհը ձմեռային ամիսներին փակվում է ձնահոսքերի, իսկ գարնանը և նույնիսկ ամռանը փլուզվում է հեղեղումների պատճառով: Եթե այս հայտարարությունը իրագործվի, և Հայաստանը Ռոկիի թունելով և աբխազական երկաթուղով կարողանա կապվել Ռուսաստանի հետ, ապա Ադրբեջանի կողմից 25 տարի նախաձեռնված Հայաստանի տնտեսական շրջափակումը կարելի է վերացված համարել:

 

Վրաստանի ընդդիմությունը իշխանություններին մեղադրում է Հարավային Օսիայի և Աբխազիայի օկուպացիան օրինականացնելու մեջ, համարելով, որ անցակետերի օգտագործումը «Օկուպացիայի մասին» օրենքի խախտում է: Ադրբեջանում մտահոգված են, որ Հայաստանին այլընտրանքային տրանսպորտային միջանցքներ տրամադրելով, Վրաստանը վերացնում է Հայաստանի տնտեսական շրջափակումը, ինչին տևական ժամանակ ձգտել են Ադրբեջանը և Թուրքիան:

 

Վրաստանի վարչապետի հայտարարությունը այնքան էլ անակնկալ չէր, որովհետև տրանսպորտային միջանցքների գործարկման մասին պայմանավորվածությունը կայացվել էր դեռևս այս տարվա փետրվարին, Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գեորգի Կարասինի և Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի միջև կայացած հերթական հանդիպման ժամանակ: Հենց այդ հանդիպման ավարտից հետո էր, որ Աբաշիձեն հայտարարել էր. «Մենք որոշել ենք առաջ շարժվել մանր քայլերով: Մենք որոշել ենք քննարկել հարցեր, որոնք կարելի է լուծել, շրջանցելով կարմիր գծերը»: «Կարմիր գծերը» շրջանցելու համար կողմերը պայմանավորվել էին, որ տրանսպորտային միջանցքների նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնեն ոչ թե կողմերը՝ Վրաստանը, Աբխազիան կամ Հարավային Օսիան, որպեսզի չստացվի՝ որ Վրաստանը ճանաչում է այս երկրների իշխանության օրինականությունը, այլ վրաց-աբխազական և վրաց-օսական սահմանի վերահսկողությունը հանձնել չեզոք կողմին, ինչպիսին հանդես է գալու շվեյցարական SGS ընկերությունը: Այս ընկերության ներկայացուցիչները պետք է այցելեին տարածաշրջան, հանդիպեին կողմերի հետ և նրանց հետ համապատասխան պայմանագիր ստորագրեին: Այժմ այդ պայմանագիրը ստորագրված է, և Վրաստանի վարչապետի հայտարարությունը հետևել է հենց պայմանագրի ստորագրմանը: Պայմանագրի ստորագրումն ու տրանսպորտային միջանցքների շահագործման շուրջ պայմանավորվածությունը այնքան էլ կապ չունի Հայաստանի հետ, որովհետև այդ տրանսպորտային միջանցքների շահագործմամբ հետաքրքրված է նաև Վրաստանը:

 

Այն, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին խոսում է տրանսպորտային միջանքները Հայաստանի և Թուրքիայի կողմից օգտագործելու մասին, արվել է ընդամենը Վրաստանի ընդդիմության քննադատությունը թուլացելու համար: Վրաստանի իշխանության համար շատ դժվար է խոստովանել, որ ֆորսմաժորային իրավիճակներում այդ տրանսպորտային միջանցքների գործարկումը պետք կլինի նաև Վրաստանին, որովհետև Վրաստանի ընդդիմությունը բացառում է Ռուսաստանի հետ որևէ ուղիղ հարաբերություն, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել Աբխազիայի և Հարավային Օսիայի բռնազավթումը և իր զորքերը դուրս չի բերել միջազգայնորեն Վրաստանի մաս համարվող այդ տարածքներից: Բայց Վրաստանի իշխանությունները հասկանում են, որ այդ նպատակին հասնելը առնվազն այս պահին այնքան էլ իրատեսական չէ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է վրացական ապրանքները ռուսական շուկա արտահանելու համար: Վրաստանը հսկայական եկամուտ է ստանում նաև Ռուսաստանից եկող զբոսաշրջիկներից, որոնց համար անվտանգ և այլընտրանքային ճանապարհների ապահովումը կնպաստի զբոսաշրջային հոսքի ավելացմանը:

 

Վրաստանի համար այս տրանսպորտային միջանցքների գործարկումը ունի ոչ միայն տնտեսական այլ նաև աշխարհաքաղաքական նշանակությունը: Մասնակիորեն մաս կազմելով Ադրբեջանի և Թուրիքայի կողմից իրականացվող Հայաստանի տնտեսական շրջափակմանը, Վրաստանը ավելի ու ավելի մեծ կախվածության մեջ էր հայտնվել այդ երկրներից: Ադրբեջանն ու Թուրքիան անընդհատ հիշեցնում էին, որ իրենք են Վրաստանի ամենամեծ օտարերկրյա ներդրողները, ամենամեծ հարկատուները: Բայց ամենամեծ ներդրումների ու հարկերի վճարման հետևում կանգնած էր Վրաստանի բիզնեսի սեփականաշնորհումը, և տնտեսական ազդեցության վերածումը քաղաքականի: Վրաստանը հասկանում է, որ Ադրբեջանի համար տրանսպորտային միջանցքի փոխարեն ինքը կարող է վերածվել տրանսպորտային խաչմերուկի, և Հայաստանի ու Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների սերտացումը օգտագործել Թուրքիայից և Ադրբեջանից միակողմանի կախվածությանը հակակշռելու համար:

 

Պատահական չպետք է համարել, որ այս համաձայնագրի ստորագրումը տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումից նույնիսկ մեկ ամիս էլ չանցած: Եվ չի կարելի բացառել, որ Ռուսաստանի համաձայնությունը Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հարցում կարող է ուղիղ կապ ունենալ տրանսպորտային միջանցքները բացելու շուրջ համաձայնության կայացման հետ:

 

Ռուսաստանը տևական ժամանակ փորձում էր համոզել Վրաստանին բացել տրանսպորտային միջանցքները, սակայն Վրաստանը համառորեն հրաժարվում էր այս հարցում զիջել: Երբ հարց էր բարձրացվում Վերին Լարսի անցակետին այլընտրանք ունենալու մասին, Ռուսաստանը հայտարարում էր, որ ինքը պատրաստ է բացել Հարավային Օսիայի ճանապարհը, ուղղակի Հայաստանը պետք է պայմանավորվի Վրաստանի հետ: Եվ միայն Եվրամիության միջնորդությունը կարող էր համոզել Վրաստանին գնալ այդ զիջմանը, իսկ Եվրամիությունն էլ իր հերթին դա կապել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետ:

 

Արդյո՞ք Վրաստանի վարչապետի հայտարարությունից հետո կարելի է ակնկալել, որ երբ Վերին Լարսի անցակետը հերթական անգամ կփակվի, հայկական բեռնատարները կամ ընդհանրապես ավտոտրանսպորտը կարող է շարժվել Հարավային Օսիայի ուղղությամբ և կկարողանա անցնել Ռոկիի թունելը ու հայտնվել Ռուսաստանի Դաշնությունում (Աբխազիայով անցնող երկաթգիծը շահագործման ենթակա չէ և այն դեռ պետք է վերականգնվի): Վրաստանի մեր աղբյուրները պնդում են, որ այլընտրանքային տրանսպորտային միջանցնքերի գործարկման մասին հնարավոր կլինի խոսել, լավագույն դեպքում, միայն գարնանը, քանի որ պետք է իրականացվեն համաձայնագրից բխող տեխնիկական խնդիրներ: Վրաստանի մեր հայրենակիցները չեն կարծում, թե ընդդիմությունը կարողանա էականորեն խոչընդոտել այս համաձայնագրի իրագործմանը, չնայած սա առիթ է հերթական անգամ իշխանությանը Վրաստանի շահերը ուրանալու համար: Մեզ համար կարևոր է, որ կողմերը փոքր քայլերով շարժվում են նպատակի իրագործմանը, որը Հայաստանի համար իսկապես կարևոր նշանակություն կունենա:

 

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ