Քաղաքական - Մանուէլն արժանի էր աշխարհի առաջնության արծաթե մեդալին. Արսեն Եղիազարյան

 

Նոյեմբերի 12-26-ը Իտալիայում անցկացվել է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնություն։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը շախմատի մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը նշեց, որ այս մրցաշարին Հայաստանը չորս մասնակից է ունեցել՝ Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Հարությունյանը և Սիրանուշ Ղուկասյանը։
«Սա շատ լուրջ մրցաշար է համարվում, քանի որ այնտեղից չեմպիոնը միանգամից  ստանում է գրոսմայստերի կոչում և իրավունք է նվաճում մասնակցելու աշխարհի հաջորդ գավաթի խաղարկությանը»,- նշեց Եղիազարյանը։

Նա տեղեկացրեց, որ Մանուէլ Պետրոսյանը 11 հնարավորից վաստակել է  8.5- ական միավոր և դարձել փոխչեմպիոն։ Հայկ Մարտիրոսյանը 7.5 միավորով զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը, իսկ Տիգրան Հարությունյանը վաստակել է 6.5 միավոր և գրավել 43-րդ տեղը:

«Մանուէլի մեկնարկն այնքան էլ հաջող չէր`4 հնարավորից 2,5 միավոր, բայց հետո քիչ-քիչ լավացրեց պարտիաների որակը: Վերջին երկու պարտիաները շատ կարևոր էին, և նա հաջող խաղաց: Մանուէլն արժանի էր աշխարհի առաջնության արծաթե մեդալին: Առաջին հորիզոնականը զբաղեցրած նորվեգացի մասնակիցը հրաշալի խաղաց ամբողջ մրցաշարի ընթացքում»,- ասաց մարզիչը։

Ինչ վերաբերում է մյուս մասնակիցներին, նա նշեց, որ մի քիչ ավելին էին սպասում. «Վատ հանդես չեկավ Հայկ Մարտիրոսյանը, նա դեռևս 17 տարեկան է և իրեն ցույց կտա հաջորդ մրցաշարերում: Իսկ Տիգրան Հարությունյանը և Սիրանուշ Անդրեասյանն իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան»։

Հանդիպմանը ներկա փոխչեմպիոն Մանուէլ Պետրոսյանն աշխարհի առաջնությունում իր հաջողությունը կապեց  նաև ֆիզիկական լավ վիճակի հետ:

«Ինձ համար հաջող ստացվեց աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը, չնայած միքիչ վատ սկսեցի։ Չէի հարմարվել նոր պայմաններին, սակայն առաջնության ընթացքում սկսեցի հարմարվել: Մրցաշարի ավարտին մյուս մրցակիցներից առավել թարմ տեսք ունեի, ինչն օգնեց արծաթե մեդալակիր դառնալ: Միայն ինչ-որ բան չբավարարեց, որ առաջին հորիզոնականը զբաղեցնեմ: Բոլոր պարտիաներս էլ դժվար էին, բայց առավել դժվար էին ստացվում վերջին 3 պարտիաները: 3-ից 2 պարտիայում խաղում էի սև խաղաքարերով և մրցում ուժեղագույնների հետ: Հաջողության հասա նաև ինչ-որ տեղ ֆիզիկական պատրաստվածության շնորհիվ»,- ասաց շախմատիստը:

Նշենք, որ Մանուէլ Պետրոսյանը գրոսմայստեր, շախմատի աշխարհի և Եվրոպայի մինչև 18 տարեկանների 2016 թվականի չեմպիոն է։

 

 



Աղբյուր` Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ