Սպորտ - Մենք կարող ենք դրիֆտը զարգացնել մեր երկրում․ Գագիկ Աղաջանյան (տեսանյութ)

Ինչպես հայտնել ենք, այսօր Աբովյան պուրակում տեղի ունեցավ «Դրիֆտ-շոու ժամանակի հաղթահարում» ավտոմիջոցառումը: Դրիֆտի բացառիկ վարպետներ ամերիկահայ աշխարհահռչակ Կրիս Կրեգորյանը, լիբանանահայ Գարո Հարությունյանը և մեր հայաստանցի 12 ավտոմարզիկները հիանալի պահեր պարգևեցին ավտոսպորտի սիրահարներին: Միջոցառումն, իսկապես, բացառիկ էր իր ձևով և բովանդակությամբ։

 

Հայ մարզիկների ցուցադրած ավտոշոուն դիտելու էին եկել ոչ միայն մեր հայրենակիցները, այլև բազմաթիվ հյուրեր արտերկրից։

 

Ինչպես հայտնի է, նման մասշտաբային ավտոշոուների ընթացքում երբեմն լինում են նաև միջադեպեր․ այս ավտոմիջոցառման ընթացքում այրվեց լիբանանահայ Գարո Հարությունյանը ավտոմեքենայի շարժիչը։ Բարեբախտար, մասնագետները ժամանակին հանգցրին կրակը, և խուճապահար չեղան ո՛չ մարզիկները, ո՛չ էլ ավտոսպորտի բազմաթիվ սիրահարները, ովքեր հավաքվել էին դիտարժան շոուին հետևելու։
Իսկ միջոցառման վերջնամասում հնարք կատարելու ընթացքում Կրիս Կրեգորյանի ավտոմեքենան մասամբ հայտնվեց Աբովյան պուրակի մայթեզրին։ Այսօր ավտոսպորտի սիրահարները հիանալի պահեր ապրեցին և, ինչպես ասում են, ադրենալինի պակաս չզգացին։

 

Անդրադառնալով վերոնշյալ ավտոմիջոցառմանը՝ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ մեր երկրում կան բազմաթիվ խոստումնալից ավտոմարզիկներ, ուստի ավտոսպորտը մեր երկրում զարգացման ճանապարհով է ընթանում։

 

«Այս միջոցառման հեռանկար նպատակը ավտոսպորտը, հատկապես դրիֆտը մեր երկրում զարգացնելն է։ Դրիֆտը կառավարվող կողասահքով մեքենաներ վարելու արվեստն է և հմտությունը։ Դրիֆտի ցուցադրման համար մենք ԱՄՆ-ից ու Լիբանանից հրավիրել ենք մեր ճանաչված երկու հայրենակիցներին։ Նրանք ցուցադրում են վարպետության բարձր էլեմենտներ, որը խթան է հանդիսանալու մեր մարզիկների համար։
Այս տարվանից սկսած՝ դրիֆտը դարձել է Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի պաշտոնական սպորտաձևերից մեկը։ Բնականաբար, մենք մեր առաջ խնդիր ենք դրել․ պետք է մեր երկրում զարգացնենք այդ ուղղությունը, ինչպես որ զարգացնում ենք ռալլին և մյուս ուղղությունները՝ ավտոսպորտի հետ կապված։ Մեր դրիֆտի վարպետներին միայն այսօրվա ցուցադրության համար չենք հրավիրել։ Նրանք 10-15 օր է, ինչ գտնվում են Հայաստանում։ Մենք փակ տարածքներում իրականացրել ենք ուսումնական մարզումներ, վարպետության դասեր։ Մեր տղաները երթևեկել են դրիֆտի վարպետների հետ միասին, այնուհետև նրանք են նստել մեր մարզիկների մեքենաները և ուղղորդել։ Դրիֆտը մնացած սպորտաձևերից համեմատաբար ավելի մատչելի է, ուստի կարծում ենք՝ կարող ենք այն մեր երկրում զարգացնել, ինչը որ արդեն փորձում ենք անել»,- նշեց Գագիկ Աղաջանյանը։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

 



Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ