Մամուլ - Բոլոր 17 «Երեւան Սիթի»-ները միասին ընդամենը 38 մլն գույքահարկ են վճարում. armtimes.com

Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետներից միայն Մաշտոցի պողոտայի «Փակ շուկա»-ի եւ Կոմիտասի պողոտայի «Երեւան Սիթի» առեւտրի կենտրոնի համար որպես գույքահարկ Երեւան քաղաքի բյուջե է վճարվում 21 միլիոն 235 հազար դրամ: Այս մասին armtimes.com-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին Երեւան քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քաղաքապետարանի համապատասխան բաժնին խնդրել էինք տեղեկատվություն տրամադրել «Երեւան Սիթի»-ների գույքահարկի վերաբերյալ: Դրանք թվով 17-են: Բոլորը «Երեւան Սիթի»-ների գույքահարկը միասին վերցրած Երեւան քաղաքի բյուջե են վճարում 38 միլիոն 685 հազար 676 դրամ:

 

Ստորեւ ներկայացնում ենք այդ սուպերմարկետների համար վճարված գույքահարկերի չափն առանձին-առանձին գտնվելու վայրերով՝

 

Բագրատունյաց պողոտա՝ 5 մլն 311 հազար, Կոմիտասի պողոտա` 10.4 մլն դրամ, Կոմիտասի պողոտա (փոքր սուպերմարկետը)՝ 93 հազար դրամ, Տիգրան Պետրոսյան փողոց՝ 3.1 մլն դրամ, Ռուբինյանց փողոց՝ 2.2 մլն դրամ, Մաշտոցի պողոտա՝ 10.7 մլն դրամ, Շիրազի փողոց՝ 172 հազար դրամ, Բաբաջանյան փողոց՝ 478 հազար դրամ, Խաղաղ դոնի փողոց՝ 162 հազար դրամ, Շերամի փողոց՝ 126 հազար դրամ, Էրեբունի փողոց՝ 396 հազար դրամ, Գայի պողոտա 1 մլնի 393 հազար դրամ, Հովհաննիսյան փողոց՝ 237 հազար դրամ, Գարեգին Նժդեհ փողոց՝ 57 հազար դրամ, Օհանովի փողոց՝ 640 հազար դրամ, Սեբաստիա փողոց 1 մլն 338 հազար դրամ, Տիգրան Մեծ փողոց՝ 1.6 մլն դրամ:

 

Քաղաքապետարանի պատասխանում նշվում է, որ գույքահարկի դրույքաչափը որոշում է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի սահմանած արժեքների հիման վրա:

 

Քանի որ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող բոլոր բիզնեսները ներառված են «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի մեջ, հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ «Երեւան Սիթի»-ները տարեկան որքան եկամուտ են ստանում: «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում 4-րդ տեղում է իր վճարած 1 միլիարդ 750 միլիոն հարկով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ