Պաշտոնական - Եթե համարում ենք, որ օպտիմալն աշակերտների 450 թիվն է, ինչո՞ւ ենք փուլ առ փուլ գնում դրան. Կարեն Կարապետյան

Եթե համարում ենք, որ օպտիմալն աշակերտների 450 թիվն է, ինչո՞ւ ենք փուլ առ փուլ գնում դրան: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին նվիրված քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

 

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը ծանոթացել է բարեփոխումների, օպտիմալացման ծրագրերի ընթացքին եւ պատասխանատուների հետ քննարկել կրթության ոլորտում առկա խնդիրներին առնչվող հարցեր:

 

Զեկուցվել է, որ վերջին ամիսների ընթացքում հանրապետութան դպրոցներում իրականացվել է ծանրաբեռնվածության ուսումնասիրություն եւ կառավարության աշխատակազմին ներկայացվել օպտիմալացման ծրագիր: Նշվել է, որ Հայաստանում առկա է 1385 դպրոց, նրանց հանձնված շենք-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 4 մլն 674 հազար 850 քմ, ուսուցիչների թիվը՝ 36 հազար 807, իսկ աշակերտներինը՝ 357 հազար 52: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքային դպրոցները հիմնականում թերբեռնված են կամ գերբեռնված, մասնավորապես, թերբեռնված է 33,7, գերբեռնված՝ 35,8 տոկոսը: Նորմալ բեռնվածություն ունեցող դպրոցների թիվը կազմում է 16,3 տոկոս: Այս համատեքստում, ընդգծվել է, որ դպրոցներում ունենք համահարթեցման, բեռնվածությունը բաշխելու եւ չօգտագործվող տարածքներն օպտիմալ կառավարելու խնդիր: Արդեն իսկ հստակեցվել է 20 դպրոցի օպտիմալացման ծրագիր: Պատասխանատուները նշել են, որ առաջիկայում խնդիր է դրվելու բացառել 300-ից պակաս աշակերտ ունեցող քաղաքային դպրոցների առկայությունը, միաժամանակ ավելացրել, որ ապագայում նախատեսվում է աշակերտների թիվը սահմանել 450: Վարչապետը ողջունել է դպրոցական համակարգը թվայնացնելու աշխատանքը եւ ուսոմնասիրությունը եւ գործողությունները շատ ավելի հեշտանում են: «Բայց եթե համարում ենք, որ օպտիմալն աշակերտների 450 թիվն է, ինչո՞ւ ենք փուլ առ փուլ գնում դրան: Անհատական դեպքերում, հիմնականում քաղաքներում, եթե ունենանք հեռավորության խնդիր, ապա այդ թիվը կվերանայենք: Մենք ունենք հետեւյալ խնդրի լուծման անհրաժեշտությունը. կրթության վրա ծախսում ենք միջոցներ, գիտենք, որ դրանք քիչ են, բայց այդ պարագայում եւս ունենք ոչ օպտիմալ ծախսեր՝ բաշխվածության, հաստատուն ծախսերի պատճառով եւ այլն: Այս առումով, պետք է ունենանք պետական ծրագիր, տեսլական եւ ըստ դրա գնանք առաջ: Անհրաժեշտ է իրականացնել օպտիմալացում եւ տնտեսված միջոցները որպես բոնուս ուղղել ուսուցիչների աշխատավարձերի, սահմանամերձ գոտիներում աշխատավարձի գործակիցների բարձրացմանը, տարբեր խնդիրների լուծմանը»,- նշել է Կարեն Կարապետյանը եւ հանձնարարել վերանայել հաշվարկներն ու ծրագիրը ներկայացնել կառավարություն: Գործադիրի ղեկավարը կարեւորել է նաեւ դպրոցական համակարգում աշակերտ-ուսուցիչ հարաբերակցության նորմատիվի եւ ստանդարտների հստակ սահմանումը:

 

Այնուհետեւ ներկայացվել է դպրոցների ֆինանսավորման բանաձեւի վերանայման ծրագիրը եւ նշվել, որ նախատեսվում է ծախսերի վերաբաշխման վերանայում, ինչի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել ուսուցիչների միջին աշխատավարձը, երաշխավորել նրանց նվազագույն աշխատավարձը՝ անկախ աշակերտների թվից: Անդրադարձ է կատարվել հանրակրթության բովանդակային բարեփոխումներին, մասնավորապես, «Արարատյան բակալավրիատ» ծրագրին, որով նախատեսվում է ներդրնել կրթակարգի նոր սկզբունքներ, անցնել կրթական նոր չափորոշիչների, իրականացնել ուսուցիչների վերապատրաստում, վերանայել դասագրքերը, ներդնել օտար լեզուների դասավանդման նոր հայեցակարգ եւ այլն:

 

Ծրագրվում է 2018 թվականից ստեղծել նաեւ ֆիզմաթ ուղղվածություն ունեցող դպրոցների ցանց, որտեղ կապահովվի չորս հիմնական առարկայի խորացված ուսուցում: Ցանցում ընդգրկված դպրոցներում կներդրվեն ժամանակակից լաբորատորիաներ, կիրականացվեն ինժեներական ծրագրեր:

 

Հանդիպմանը զեկուցվել է նաեւ հանրակրթական դպրոցներում ձեռներեցության եւ ֆինանսական կրթության առարկաների ներդրման մասին: Նշվել է, որ ընտրվել են թեմատիկ ուղղությունները եւ միջազգային փորձագետների օժանդակությամբ մշակվել հինգ առարկաների ծրագրային նախագծերը: Առարկաները գալիք ուսումնական տարվանից դասավանդվելու են 2-12-րդ դասարանների աշակերտների համար: Անդրադառնալով այս հարցին՝ վարչապետն ընդգծել է. «Ես վստահ եմ, որ եթե ցանկանում ենք ունենալ զարգացող երկիր, մաքսիմալ պետք է դպրոցներում փորձենք գտնել ձեռներեցության, ֆինանսական կրթության լուծումներ: Այս առարկաներն աշակերտների մոտ առաջացնում են հետաքրքրություն եւ մոտիվացիա, որպեսզի նրանք ժամանակակից աշխարհ մուտք գործելուց առաջ իմանան անհրաժեշտ հայտանիշեր»:

 

Քննարկվել են նաեւ ավարտական միասնական քննությունների բարեփոխումներին, ուսուցիչների որակի բարձրացմանը, դպրոցական սնունդ ծրագրերին վերաբերող հարցեր: Զեկուցվել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հատկապես գյուղական համայնքների դպրոցներում, որտեղ առկա է ուսուցիչների պակասի խնդիր, շարունակվում է ինտերակտիվ դասընթացների անցկացումը:

 

Մՙիջին մասնագիտական եւ արհեստագործական կրթության ուղղությամբ եւս նախատեսվում են զարգացման ծրագրեր, մասնավորապես, Եվրոպական միության օժանդակությամբ Հայաստանում ստեղծվելու է գյուղատնտեսական մասնագիտությունների համար նախատեսված ժամանակակից 8 քոլեջ: Ծրագրի նպատակով կներդրվի 13 մլն եվրո: Այս համակարգում եւս իրականացվում են օպտիմալացման ծրագրեր. արդյունքում կտնտեսվի 42 մլն դրամ:

 

Հանդիպմանը ներկայացվել է բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող բարեփոխումների ընթացքը: Զեկուցվել է, որ արդեն իսկ մշակվել եւ կառավարությանն է ներկայացվել Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բուհերի գործունեության լիցենզիայի տրամադրման պայմանների խստացում, հստակ ժամկետների սահմանում, ծրագրային հավատարմագրում, բուհերի ինքնավարության բարձրացում, բուհերի ղեկավար կազմի տարիքային սահմանափակում, կրթաթոշակների մեխանիզմների փոփոխություն եւ այլն:

 

Անդրադառնալով նախադպրոցական ուսումնական հաստատություններին՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել լավագույն փորձերը եւ ներկայացնել ժամանակակից մոդելի ներդրման առաջարկություններ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը կարեւորել է կրթության զարգացման ճիշտ ուղու սահմանումը եւ նշել. «Ես համոզված եմ, եթե մենք լավ կրթական համակարգ չունենանք, վաղը լավ երկիր չենք ունենալու: Սա փաստ է: Այս առումով չափազանց անհանգիստ եմ, որ ճիշտ ուղղությամբ գնանք»:

 

 

Նյութի աղբյուր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ