«Տեսակետ» մամուլի ակումբ - Նպատակը շահույթ ստանալն է, ոչ թե հուշարձանը պահպանելը. քարանձավագետ. Անկախ

«Լրջորեն մտահոգված ենք այդ հուշարձանների ապագայի հարցով: Վտանգ կա, որ հուշարձանները պահպանելու համար չի արվել վարձակալության մրցույթի հայտարարությունը: Ամեն ինչ այնպես են ձևակերպել, որ միայն կոնկրետ մարդիկ կարողանան մասնակցել մրցույթին, արհեստական կերպով մենաշնորհային վիճակ են ստեղծում»,- ասում է քարանձավագետ, Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը՝ անդրադառնալով մշակույթի նախարարության կողմից 5 քարանձավ վարձակալության տալու մտադրությանը:

 

Օրերս մշակույթի նախարարությունը մրցույթ է հայտարարել 4 քարանձավ և մեկ քարանձավախումբ վարձակալության տալու համար: Վարձակալության նախնական ժամկետը 5 տարի է, սակայն վարձակալը կարող է ևս 20 տարով առանց մրցույթի երկարաձգել պայմանագիրը, եթե լավ կատարի պայմանագրի պահանջները: Վարձակալության տրվող քարանձավներն են Վայոց ձորի Գնիշիկ համայնքի տարածքում գտնվող Մագելանի քարանձավը, որը խոշորագույններից է Հայաստանում, Արենի համայնքում գտնվող Թռչունների քարանձավը, որտեղ հայտնաբերվել է աշխարհին մինչ օրս հայտնի ամենահին կաշվե կոշիկը, Արջի քարանձավը նույն մարզի Արփի համայնքում, որը ևս Հայաստանի խոշորագույն քարանձավներից է, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված հարավային պայտաքիթ կոչվող չղջիկների բնակատեղին է, Մոզրովի քարանձավը, որ նույնպես Արփի համայնքի տարածքում է, ունի բացառիկ հարուստ կարստային հարդարանք, Քարե դռներ քարայր կացարանները, որոնք գտնվում են Արագածոտնի մարզի Աղձք համայնքում և մինչև XX դարը բնակեցված են եղել աշխարհիկ կյանքից մեկուսացած անձանցով:

 

Բոլորն ունեն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կարգավիճակ: Նախարարության նախաձեռնությունը թե՛ հանրության, թե՛ մասնագետների կողմից բացասական արձագանք է ստացել: Քարանձավագետ Սամվել Շահինյանը կարծում է, որ այո, քարանձավներն անպայման պետք է օգտագործվեն, բայց ոչ այնպես, ինչպես նախարարությունն է պլանավորել: «Պետությունը, կառավարությունն իր լծակներով ի զորու չէ ոչ միայն քարանձավները, այլև ընդհանրապես պատմության և բնության հուշարձանները պահպանել: Դրա օրինակները բազմաթիվ են»,- ասում է Շահինյանը և մատնանշում Առինջի միջնադարյան գերեզմանոցը, որտեղ հինը ջարդվում է, տեղը նոր գերեզմաններ են ավելանում:- Հանցագործին գտնելը որևէ խնդիր չի ներկայացնում՝ հանգուցյալը կա, տերերը կան: Բայց ոչինչ չի արվում:

 

Այս մի փաստը բավարար է ապացուցելու, որ պետական հսկողությամբ հնարավոր չէ պահպանել քարանձավները»: Նա նաև հիշեցնում է Աղձքի դամբարանից ոչ հեռու գտնվող քարանձավների մասին: «Քարանձավում հազվագյուտ մշակութային շերտ կար, որի ոչնչացման ականատեսը եղանք տարիներ շարունակ: Բազմիցս ահազանգեցինք: Բայց միևնույն է, այն իսպառ ավերվեց»,- ասում է Շահինյանը և հավելում, որ այդ իսկ պատճառով էլ քարանձավների և մշակութային հուշարձանների պահպանությամբ մտահոգ մասնագետներն առաջ են քաշել քարանձավները տուրիստական երթուղիների մեջ ներառելու գաղափարը, ինչն էլ դրանք խնամելու և պահպանելու նախադրյալ պետք է դառնար:

 

Մասնագետների խումբը մասնակցել է մշակույթի նախարարությունում տեղի ունեցած քննարկումներին, առաջարկներ ներկայացրել: Շահինյանի խոսքով, սակայն, վարձակալության հայտարարության մեջ իրենց խորհուրդներից և առաջարկներից ոչ մեկը հաշվի չի առնվել: «Հայտարարության մեջ չեք գտնի գոնե մեկ խոսք հուշարձանի պահպանության մասին: Հուշարձանի պահպանության համար օգտագործման ձևով շրջանառության մեջ դնելու գաղափարը վերածել են շահագործելու և եկամուտ ստանալու նպատակով վարձակալության տալու հայտարարության»,- ասում է նա:

 

Շահինյանը վստահ է՝ հուշարձանները պահպանելով և դրանց գիտաճանաչողական, էսթետիկական արժեքը զբոսաշրջիկներին մատուցելով՝ հնարավոր կլիներ հետ ստանալ պահպանության ծախսերը: Մինչդեռ ներկայիս առաջարկության առաջնային նպատակը շահույթ ստանալն է, ոչ թե հուշարձանը պահպանելը: «Վեր է ածվել բիզնես առաջարկի: Մինչդեռ մենք բիզնես առաջարկ չենք ուզել, ուզել ենք հուշարձանները փրկելու ծրագիր: Ավելին, իրենց այս առաջարկության մեջ շատ ավելի անգրագետ էկոլոգիական պնդումներ են մտցված:

 

Այս ամենը նախկին նախարարի ձեռագիրն են հիշեցնում, ոչ մի նոր բան չկա»,- ասում է Շահինյանը՝ նշելով, որ նախարարությունն իրենց՝ մասնագետների անունն է օգտագործում նախաձեռնությունն արդարացնելու համար: Հնագետ Բորիս Գասպարյանը ևս կարծում է, որ նախաձեռնությունը չպետք է բիզնեսի վերածել և շահույթ հետապնդել, վաստակված գումարները պետք է ուղղվեն քարանձավների պահպանությանը:

 

Գասպարյանը, որը ղեկավարում է Թռչունների քարանձավում իրականացվող պեղումները, հարց է բարձրացնում նաև, թե ինչպես են շարունակելու հնագիտական աշխատանքները, եթե հայտարարված մրցույթով որևէ կազմակերպություն վերցնի քարանձավը: Թռչունների քարանձավի հետագա ճակատագրով մտահոգված է նաև Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

 

News.am-ի հետ զրույցում Ավետիսյանը հայտարարել է, որ վարձակալության տալու որոշումն անլուրջ է. «Եթե մյուս քարանձավների դեպքում կարելի է զբոսաշրջիկներին թույլ տալ այցելել, քանի որ այնտեղ պեղումներ չեն տարվել, շերտեր չեն բացվել, ապա «Արենի 1»-ում դա անթույլատրելի է։ Քարանձավում պեղումներ են տեղի ունեցել, այստեղ շերտեր են բացվել, և քարանձավը լուրջ գիտական աշխատանքի շարունակության կարիք ունի։ Զբոսաշրջիկներն այստեղ կարող են տեսնել ընդհանուր ծրագրի միայն մի փոքր մասը։ Իսկ նրա ներկայիս տեսքի դեպքում նախարարության նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, ուղղված է դրա ոչնչացմանը»։

 Անկախ

 

Մշակույթի նախարարությունը քարանձավների վարձակալության վերաբերյալ որոշում է կայացրել, ինչի մեջ «Քարանձավագիտական կենտրոնի» ղեկավար Սամվել Շահինյանը վտանգներ է տեսնում։

 

Նա նկատեց, որ արդեն 9 տարի է՝ պայքարում է, որ Հայաստանյան քարանձավները պահպանվեն, սակայն մինչ այս դրական տեղաշարժ չկա, ավելին՝ որոշ քարանձավներ վերացել են։

 

«68 քարանձավներ վերջին 20 տարում պարզապես ոչնչացվել են։ Հայաստանում կա մի տխուր գործընթաց՝ գանձագողություն, ինչը շարունակական է։ Քարանձավի օգտագործումը չի նշանակում շահագործում. երբ մենք գնում ենք անտառ ու շնչում ենք օդը, նրան ոչինչ չի լինում, բայց փայտահատը, երբ մտնում է անտառ ու ծառերը կտրում է, դա արդեն դառնում է շահագործում։ Մենք պետք է օգտագործենք քարանձավը, բայց շահագործենք դրսում եղած ենթակառուցվածքները»,-ասաց նա։

 

Նա պնդեց՝ քարանձավերում կան բնական, հազվագյուտ, եզակի առաջացումներ, հնէաբանական շերտեր, որոնց առկայությունը պետք է ընդունել որպես քարանձավի և բնության եզակի արտահայտություններ։ Շահինյանը շեշտեց, որ քարանձավային հուշարձանները պետք է պահպանվեն։

 

«Մշակույթի նախարարությունը շահագործման համար մի փաստաթուղթ է ստեղծել, որի հետևում չի երևում քարանձավի վերականգնումը։ Սակայն քարանձավները պետք է օգտագործվեն թանգարանային, զբոսաշրջության և այլ նպատակներով։ Իսկ նախարարության հայտի հիմքում ակնհայտ երևում է, որ քարանձավների շահագործումից միայն եկամուտ են ակնկալում։ Իսկ ինչպե՞ս կարող է քարանձավը եկամուտ բերել՝ տոմսերով, սակայն փաստաթղթի հիմքում արդեն կարևորվում է եկամուտ բերող օբյեկտները՝ ռեստորան և այլն»,-ընդգծեց Շահինյանը։

 

«Քարանձավագիտական կենտրոնի» ղեկավար շեշտեց, որ ըստ նախարարության հրավերի՝ 45 օրվա մեջ պետք է ներկայացվի ծրագիր, իսկ ծրագիրը կարող է ներկայացնել մարդ, որը 3 տարի շարունակ բանկում 1.5 մլն դոլար է ունեցել։ Շահինյանի դիտարկմամբ՝ այս պահանջներն անիրական են։ Նրա գնահատմամբ՝ ներկայացված պահանջներից բխում է այն, որ կա հստակ մի գնորդ, որը շահագործելու է քարանձավը, սակայն նրա պահպանման մասին հոգ չի տանելու՝ պատճառաբանելով, թե բնապահպանները թույլ չեն տալիս ներս մտնել քարանձավ։

 

Թերթ

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ