Պաշտոնական - Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը՝ խախտելով զինադադարի ռեժիմը եւ չհրաժարվելով հայատյաց քաղաքականությունից:

Երկրի ղեկավարը կարեւորել է զինադադարի ռեժիմի պահպանմանն ու խախտումների վերհանմանն ուղղված մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը՝ այն համարելով խաղաղ գործընթացի առանցքային բաղադրամասերից մեկը:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ֆրանսիացի պաշտոնաթող համանախագահ Պիեռ Անդրիոյին` ազնիվ ու արդյունավետ աշխատանքի համար՝ նրան մաղթելով հաջողություններ կյանքում եւ հետագա աշխատանքում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ