Պաշտոնական - ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի գործընկերների համաժողովին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի գործընկերների հերթական համաժողովին: Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը, պետական և հասարակական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտական կենտրոնների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ծրագրի գործընկերներ  և շահառուներ:

 

Միջոցառման նպատակն է ներկայացնել և քննարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող գյուղատնտեսական կայուն զարգացման ռազմավարության վերջին զարգացումներն ու ձեռքբերումները, ENPARD ծրագրի իրականացման ընթացքը:

 

Գյուղատնտեսության և գյուղի զարգացման եռամյա ծրագիրը, որը մեկնարկել է 2015 թվականից, իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի  արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ:

 

«Այս ծրագրի շրջանակում շուրջ 7,6 մլն եվրո է ներդրվել, որի շրջանակում ստեղծվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ, ինչը մեծ հաջողություն է գյուղացու համար` հավելյալ արժեքի ստեղծման տեսանկյունից,  ներդրվել է կոոպերատիվների մասին օրենսդրությունը, բայց մենք պետք է շարունակեք քայլեր ձեռնարկել և ստեղծել պայմաններ, որպեսզի գյուղացիների շրջանում ամրապնդվի և զարգանա կոոպերացիայի գաղափարը, և նրանք շարունակեն մտնել այս դաշտը», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Իր հերթին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշել է, որ ծրագիրը լինելու է շարունակական.Եվրամիության հետ արդեն առկա է նախնական համաձայնություն 2017 թվականից 10 մլն եվրո արժողությամբ նոր ծրագիր սկսելու ուղղությամբ, Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ ընթացքի մեջ է նաև օրգանական գյուղատնտեսության զարգացմանը նպատակուղղված ծրագիրը:

 

Համաժողովի ընթացքում ENPARD ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են հաշվետվու տարվա ընթացքում ծրագրի շրջանակում իրականացված գործողությունները ՀՀ գյուղատնտեսության նախարարության կարողությունների հզորացման, գյուղատնտեսական կոոպերատիվների  ստեղծման և նրանց հետագա աջակցության տրամադրման, գյուղմթերքի արժեքային շղթաների բարելավման, գյուղատնտեսության լավագույն փորձի տարածման և այլ խնդիրների ուղղությամբ։ 

 

Գյուղի և գյուղատնտեսության կայուն զար­գաց­ման հիմնական խնդիրներից է գյուղատնտեսական կոոպերացիայի խթանումը,  և այդ նպատակով Հայաստանի բոլոր մարզերում իրականացվել է բիզնես ուղղվածության գյուղատնտեսական կոոպերացիայի վերաբերյալ իրազեկման բարձրացման 51 դասընթաց։

 

Ծրագիրն աջակցում է նախարարությանը կայուն մոնիթորինգի և վերլուծության համակարգ ներդնելու, ինչպես նաև նախարարության աշխատակազմի կարողությունների հզորացման հարցում։ Ծրագիրն աշխատանքներ է տանում գյուղատնտեսական լավագույն փորձի տարածման՝ այդ թվում վնասատուների դեմ համակցված պայքարի, պտղատուների էտի և ձևավորման, ռեսուրսախնայողական գյուղատնտեսության, աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ՝ այդ նպատակով հիմնելով նաև փորձացուցադրական դաշտեր:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ