Պաշտոնական - Նախնական վարկածով՝ պայթուցիկ սարք է աշխատել. Վլադիմիր Գասպարյան

Րոպեներ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դեպքի վայրում աշխատող լրագրողներին հայտնել է, որ ավտոբուսի  պայթյունը եղել է ալիքային, սա նշանակում է՝ պայթուցիկ սարք  է աշխատել, այս մասին հայտնել է Արմենիա հեռուստաընկերությունը: «Պայթուցիկ սարքը, ամենայն հավանականությամբ, դրված է եղել նստարաններից մեկի տակ, կամ եղել է ուղևորներից մեկի մոտ»,-ասել է ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը: 

Վլադիմիր Գասպարյանը հայտնել է նաեւ, որ տարածքի սյուների վրա աշխատող տեսախցիկներից մեկը ֆիքսել է պայթյունի պահը, բայց տեսագրության վրա հիմնվելով` դեռ վերջնական վարկած հայտնել հնարավոր չէ: «Ոչ մի բան հերքել կամ հաստատել չեմ կարող, ամեն վայրկյան ինֆորմացիան կարող է փոխվել: Միայն հաստատ է, որ պայթյունը կապված չէ ոչ գազի, ոչ վառելիքի, ոչ անսարքության հետ»,-նշել է ոստիկանապետը` հավելելով, որ պայթյունը եղել է դիմացի շարքի երկրորդ նստարանի մոտից: Ի դեպ, նախագահը հանձնարարել է ոստիկանությանը ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը:

Նշենք, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածից 15-րդ թաղամաս տանող 63 համարի ավտոբուսը պատկանում է «Քինգ դե լյուքս» ընկերությանը: Ավտոբուսը, որում պայթյուն է եղել, 2007թ արտադրության է, գազի բալոն չի ունեցել, աշխատել է դիզելային վառելիքով, ինչը, սակայն, չէր կարող այդպես պայթեր: Հենց այս հանգամանքն էլ բազմաթիվ վարկածներ է առաջացնում, այդ թվում` ահաբեկչության տարբերակ: Հիշեցնենք, որ Հալաբյան փողոցում` ավտոբուսում, պայթյուն է եղել, որի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել 6 հոգի: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված տուժածներից 3-ը կին է, 3-ը տղամարդ:

Այս պահին երկուսի՝ 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակն է գնահատվում ծանր, նրանց վիրահատությունն ավարտվել է, տղաները տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք, վիրահատությունները հաջող են անցել, 2-ի կյանքին էլ վտանգ չի սպառնում:  Տուժածներից մեկը հղի կին է, որն անցել համակարգչային տոմոգրաֆիա, կատարվել են այլ անհրաժեշտ հետազոտություններ, կնոջ և պտղի կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Տուժածները հիմնականում ստացել են բեկորային՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ