Պաշտոնական - «Ադրբեջանը շարունակում է մնալ ագրեսոր, ինչպիսին եղել է 24 տարի առաջ». ԼՂ հարցը` Եվրախորհրդարանում

Քիչ առաջ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ընթացող Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվեց Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Եվրախորհրդարանի լիագումար նիստում հանդես եկավ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով։

Ֆեդերիկա Մոգերինիի ելույթը ավելի տեսական էր, որտեղ նա խոսեց հակամարտության խաղաղ կարգավորման և երկու կողմերի` հրադադարի պայմանագրին հավատարիմ մնալու մասին: Որևէ խոսք չեղավ այն մասին, թե որ կողմը պետք է պատասխանատվություն կրի նախահարձակ լինելու համար կամ որևէ այլ գործնական առաջարկություն չեղավ: Տիկին Մոգերինին նշեց, թե հակամարտությունը լուրջ մարտահրավեր է տարածաշրջանային անվտանգությանը և խոչընդոտ երկու երկրների զարգացման համար: Դառնալով վերջին օրերին իրավիճակի սրացմանը` հանձնակատարը նշեց. «Պաշտոնական Բաքվի և Երևանի հայտարարությունները վկայում են այն մասին, որ մենք լուրջ խնդիրներ ունենաք, էլ ավելի լուրջ խնդիրներ կունենանք, եթե այս խնդիրը չկարգավորվի»:

Նա տեղեկացրեց, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչն այս նպատակով այս շաբաթ այցելելու է տարածաշրջան: ԵՄ գերագույն հանձնակատարը նշեց, թե հակամարտության կարգավորման հարցում քաղաքական լուծում է անհրաժեշտ, իսկ իրենց խնդիրը պետք է լինի քաղաքական երկխոսություն ապահովելը երկու երկրների միջև` մադրիդյան սկզբունքների համաձայն: Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ ԵՄ-ն քաջալերում է Մինսկի խմբի գործունեությունը և եզրափակելով իր ելույթը` նշեց. «Բոլորն են հասկանում հիմա, որ ստատուս քվոն կարող է հանգեցնել շատ ավելի լուրջ բռնությունների, ուստի այս իրավիճակում կողմերի միջև բանակցություններն ու քաղաքական երկխոսությունը այլընտրանք չունեն»:

Նշենք նաև, որ Եվրախորհրդարանի շուրջ 15 պատգամավորներ իրենց մտահոգությունը հայտնեցին հակամարտության կարգավորման հարցում` նշելով, որ առաջընթացն այս հարցի կարգավորման առումով նկատելի չէ: Եղան պատվիրակներ, որոնք կոշտ արտահայտվեցին Ադրբեջանի հասցեին և քննադատեցին այդ երկրի գործունեությունը: Եղան նաև այսպիսի հայտարարություններ. «Ադրբեջանը շարունակում է մնալ ագրեսոր, որը եղել է 24 տարի առաջ», «Ադրբեջանը մի երկիր է, որը Ռամիլ Սաֆարովի նման մարդասպանին հերոսի կոչում տվեց»: 

Նյութի աղբյուր՝ http://www.aravot.am/2016/04/13/679129/ 


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ