Պաշտոնական - Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Կիպրոսի համալսարանում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կիպրոսի համալսարան` հանդիպում ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Հանրապետության Նախագահը համալսարանականների առջև հանդես է եկել ելույթով և պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Մինչ այդ, ՀՀ Նախագահին ուղղված ողջույնի խոսքով հանդես են եկել համալսարանի ռեկտոր Կոստանդինոս Խրիստոֆիդեսը և Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարտկես Մահդեսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Կիպրոսի համալսարանում

Հարգելի՛ ռեկտոր,
Սիրելի՛ դասախոսներ և ուսանողներ,
Պարոնա՛յք դեսպաններ,
Հարգարժան պարո՛ն Մահդեսյան,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհակալ եմ Կիպրոսի Համալսարանի այս գեղեցիկ շենքում ինձ հյուրընկալելու համար: Երիտասարդների հետ շփումն ինձ համար միշտ էլ հաճելի է և օգտակար. ձեզանից ստանում եմ ոչ միայն դրական լիցքեր, այլև թարմ մտքեր ու գաղափարներ: Սակայն, Հայաստանի բարեկամ երկրի երիտասարդության հետ հանդիպումներն առավել եմ կարևորում, քանի որ վաղը հենց դուք եք շարունակելու բազմադարյա ավանդույթներով ամրացած հայ-կիպրական եղբայրությունը:

Կիպրոսը հարազատ երկիր է ցանկացած հայի համար, իսկ կիպրացի ժողովուրդը յուրահատուկ տեղ է զբաղեցնում ցանկացած հայի սրտում: Մեր ժողովուրդները փոխկապակցված են պատմամշակութային կապերով, ընդհանուր արժեհամակարգով, և առավել քան համոզված եմ՝ նաև ընդհանուր ապագայով: Մենք եղել և մնում ենք տարածաշրջանի այն ժողովուրդները, որ ոչ թե ռազմատենչ ոգով, այլ խաղաղասիրությամբ և աշխատասիրությամբ ենք վաստակում աշխարհի վերաբերմունքը` սերն ու հարգանքը: 

Մեր ժողովուրդների պատմական բարեկամության լավագույն արգասի¬քը Հայաստանի և Կիպրոսի միջև առկա լիակատար փոխըմբռնումն ու փոխաջակցությունն են: Պատահական չէ, որ տարեցտարի ընդլայնեցինք մեր հարաբերությունները՝ քաղաքական, ռազմական, մշակութային, կրթական ոլորտներում: Իսկ միջազգային օրակարգի տար¬բեր հարցերի շուրջ մոտեցում-նե¬րի համադրումն ու սերտ փոխգործակ¬ցութ¬յու¬նը Հայաստան-ԵՄ շրջանակնե-րում էապես հարստաց¬նում են երկկողմ հարաբերությունների մեր օրակարգը։

Հարգելի՛ ներկաներ,

Արդեն շուրջ քառորդ դար մենք կառուցում ենք մեր անկախ պետու¬թյու¬նը: Պատմության համար գուցե ակնթարթ, բայց պատմություն կերտող երկրի համար երկար ու ձիգ 25 տարի, լի բազմաթիվ մարտահրավերներով` աղետաբեր երկրաշարժ, պատերազմ Արցախում, տնտեսական շրջափակում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, զրոյից ստեղծվող պետական ինստիտուտ-ներ, տնտեսության ադապտացում բաց շուկայական հարաբերություններին: Եվ այս ամենը՝ միաժամանակ: Մտավախություն կար, որ կարող ենք ձախողել: Սակայն մի բան պարզ էր՝ անկախությունը կայացնելու մեր նպատակն ու կամքն անկոտրում էին:

Այսօր Հայաստանը կայացած պետություն է, իսկ վերջին տարիներին անճանաչելիորեն փոխվել է քաղաքացիական հասարակության դերի ավելաց-ման, խոսքի ազատության, պետական կառույցների, այդ թվում նաև բանակի գործունեության թափանցիկության, հանդուրժողականության միջավայրի ամրապնդման և այլ հարցերում:

2015թ. դեկտեմբերին հանրաքվեի միջոցով լրջորեն փոփոխեցինք Սահմանադրությունը, որով Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի: Վստահ եմ, որ այն էապես կամրապնդի ժողովրդավարությունը մեր երկրում:

Այժմ մենք աշխատում ենք այս ձեռքբերումներն ամրապնդել նաև տնտեսական լուրջ հաջողություններով։ 21-րդ դարը տնտեսական դիվանա¬գի-տու¬թյան ժամանա¬կաշրջան է, և մենք հաստատակամ շարունակում ենք Հայաստանում իրականացել բարեփոխումներ՝ ուղղված մեր երկրի տնտեսական գրավչության բարձրացմանը։ Նշեմ, որ մենք դա անում ենք նաև մեր ԵՄ գործընկերների աջակցությամբ, քանզի Հայաստանի համար նշաձող են հենց արևմտյան առաջատար տնտեսությունները։

Ուրախ ենք, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ, ինչպես նաև վերջին շրջանում միջազգային և տարածաշրջանային մի շարք զարգացումների արդյունքում, ինչպիսին էր Իրանի 77 միլիոնանոց տնտեսական շուկայի վերաբացումը, նոր, լայն դաշտ է բացվում մեր տնտեսական դիվանագիտության համար: Այսօր Հայաստանի միջոցով կարելի է անմաքս դուրս գալ 170-միլիոնանոց ԵԱՏՄ շուկա: Արտոնյալ մուտքի հնարավորություն ունենք նաև Եվրոպական միություն, ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա, Ճապոնիա, Նորվեգիա։ 2015թ. Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը (TIFA)։ Մենք այն ընդունեցինք որպես վստահության դրսևորում մեր երկրի նկատմամբ։

 

Նյութի աղբյուրը` <a href="http://168.am/2016/03/16/610279.html">© 168.am</a></br>

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ