Պաշտոնական - Սարգսյանն ու Մերկելը կարևորագույն հարցեր են քննարկել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լատվիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: 

Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական միջպետական հարաբերություններին վերաբերող հարցեր՝ գոհունակությամբ արձանագրելով, որ վերջին շրջանում նշանակալիորեն ընդլյանվել և հարստացել է հայ-գերմանական համագործակցության օրակարգը, որն ամրապնդվել է համագործակցության շուրջ վեց տասնյակ համաձայնագրով:

Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար:
Հայաստանի նախագահը և Գերմանիայի կանցլերն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և զարգացման հեռանկարին: Այդ հարաբերությունների խորացման գործում ՀՀ նախագահը կարևորել է ԵՄ-ում ծանրակշիռ դեր ունեցող Գերմանիայի դերը:

Անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այդ կապակցությամբ Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում՝ այդ թվում Գերմանիայում տեղի ունեցած հիշատակի և ոգեկոչման միջոցառումներին:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում արտահայտած դիրքորոշման համար:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների և մարտահրավերների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ